Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է «Արթիկի բժշկական կենտրոն»
24.10.2023
Արթիկ համայնք այցելության շրջանակներում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների և համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հետ այցելել է «Արթիկի բժշկական կենտրոն», տնօրեն Բաբիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կենտրոնում, հետևել և ծանոթացել աշխատանքներին։
Մարզպետին զեկուցվել է, որ թվայնացված նոր ռենտգեն սարքավորումը հիվանդանոցին տրամադրելուց հետո հիվանդների հոսքը եռապատկվել է, նոր սերնդի սարքավորումը հնարավորություն է տալիս ազգաբնակչության բժշկական սպասարկումն իրականացնել առավել որակյալ։
«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր ազգաբնակչությանը որակյալ բժշկական ծառայություններ մատուցվեն տեղում և հոսքը դեպի մարզկենտրոն ու մայրաքաղաք նվազի։ Մեզ համար կարևոր նախապայմանը բնակչության բուժսպասարկման որակն է, նրանց լիարժեք սպասարկումը, ամեն ինչ պետք է անենք առաջնային բուժսպասարկման որակն ապահովելու, մեր քաղաքացիների հոգսերը թեթևացնելու համար»,- նշել է մարզպետը։
«Արթիկի բժշկական կենտրոնն» ունի 25 մահճակալ հզորություն, որից 15-ը վիրաբուժական է, 10-ը՝ սոմատիկ, 7 նեղ մասնագիտական և 4 դիսպանսեր կաբինետ։
Մուշեղ Մուրադյանը կարևորել է առողջապահության բնագավառի զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը և ընդգծել այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով կենտրոնն ընդգրկվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան գործող բժշկական հաստատությունների շենքերի կառուցում, վերակառուցում ծրագրում։ Համայնքն արդեն հողհատկացումն արդել է, կառավարության որոշմամբ 6,6 մլն դրամ գումար է հատկացվել բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացման համար։