Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հետևել է «Արթիկ համայնքի թիվ 3 մանկապարտեզի» շինարարական աշխատանքների ընթացքին
24.10.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր հետևել է «Արթիկ համայնքի թիվ 3 մանկապարտեզի» շինարարական աշխատանքների ընթացքին։
Մարզպետը շրջել է շենքում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, շինարարի հետ զրույցում՝ կարևորել աշխատանքների որակով և ժամանակին իրականացումը․ «ՀՀ կառավարությունը մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում բավական լուրջ միջոցներ է ուղղել Արթիկում մանկապարտեզների կառուցման ու նորոգման համար, այնպես որ մեզ մնում է անել հնարավորը պետական բյուջեից հատկացված միջոցները նպատակային ծախսելու, աշխատանքներում որևէ թերացում բացառելու համար»։
Կառավարության տրամադրած միջոցներով 2023 թվականին մեկնարկած շինարարական աշխատանքներն իրականացվում է «Այ Քոնստրակշն» ՍՊԸ-ի կողմից։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 223 մլն 144 դրամ։ Իրականացվելու են շենքի վերանորոգման, տարածքի բարեկարգման, խաղահրապարակի և պարսպի կառուցման աշխատանքներ:
Պատասխանատուների հավաստմամբ՝ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում շինարարությունն ավարտին կհասցվի ժամկետում:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 6-ի որոշմամաբ 466 մլն 912 հազար դրամ գումար է նախատեսվել Արթիկի երկու՝ թիվ 3 և 4 մանկապարտեզների նորոգման համար։ 243 մլն 768 հազար դրամ գումար էլ հատկացվել է «Արթիկի թիվ 4 մանկապարտեզի» վերանորոգման նպատակին, որի աշխատանքները ևս ընթացքի մեջ են։