Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
15.11.2023
Նոյեմբերի վերջին Շիրակի մարզում «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում կանցկացվի միջոցառում՝ ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են աշխատակազմի պատասխանատուները, մարզի համայնքների ղեկավարներն ու ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի մասնագետ Նատալի Սահակյանը։
Քննարկման առանցքում ոստիկանության ծառայությունում, մասնավորապես, պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացումը և այդ ճանապարհին լուծման արդյունավետ ուղիներ գտնելն է եղել:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կարևորելով ոստիկանությունում կանանց ներգրավման ընդլայնման գործընթացի արագ իրականացումը՝ նշել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցել և անել հնարավորը, լիազորությունների շրջանակում, աջակցելու աշխատանքների իրականացմանը․ «Մենք պատրաստակամ ենք աջակցելու պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունը մեծացնելու նպատակով ձեռնարկվելիք միջոցառումներին, հավաստիացնում եմ՝ կանենք հնարավորը առաջիկայում կայանալիք միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու և մեր մարզի ազգաբնակչությանը իրազեկելու համար, շատ ուրախալի կլինի, որ մեր մարզից ավելի շատ կանայք աշխատեն ոստիկանության համակարգում»։
ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի մասնագետ Նատալի Սահակյանը խոսելով կանանց ներգրավման ընդլայնման գործընթացի, առկա հիմնահարցերի մասին՝ նշել է, որ մյուս մարզերի համեմատ Շիրակի մարզն առավել ակտիվ է այս աշխատանքներում։ Կանանց ընդգրկվածությամբ մարզն առաջատար դիրքերում է։
Հանդիպման ժամանակ պատասխանատուն համայնքների ղեկավարներին է ներկայացրել կանանց ներգրավվածության կարևորությանն առնչվող տվյալներ, ինչպես նաև անդրադարձել է պարեկային ծառայությունում աշխատելու առավելություններին, սոցիալական երաշխիքներին և համակարգ ընդգրկվելուն խոչընդոտող պայմանների վերացմանն ու խնդիրների արդյունավետ լուծման ուղիներին՝ հորդորելով համայնքներում ևս իրազեկման ակցիաներ կազմակերպել, իսկ նոյեմբերի վերջին կայանալիք մեծամասշտաբ միջոցառմանը մասնակցել ակտիվորեն։