Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը

15.11.2023

 Օրակարգային առաջին հարցն առնչվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Շիրակի մարզում ընդունման և տեղավորման, տրամադրված հումանիտար աջակցության ու կատարված այլ աշխատանքներին, որի վերաբերյալ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 15-ի դրությամբ Շիրակի մարզում ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4148 քաղաքացի՝ 1050 ընտանիք։
Մարզպետի տեղակալը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին, համայնքների ղեկավարներին ու աշխատակազմերին, պատասխանատու մյուս կառույցներին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու գործընթացում ցուցաբերած հոգատար վերաբերմունքի շուրջօրյա անդուլ աշխատանքի համար։
Աննա Մարտիկյանը նշել է, որ պարբերաբար աշխատանքներ են տարվում ազատ առանձնատներ և բնակարաններ հայտնաբերելու ուղղությամբ, որպեսզի հնարավորինս արագ բեռնաթափվեն հյուրանոցները և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները օր առաջ բնակություն հաստատեն առանձնատներում և բնակարաններում։
«Հոկտեմբերի 3-ի դրությամբ հյուրանոցներում և հյուրատներում տեղավորված անձանց թիվը կազմել է 591, նոյեմբերի 13-ի դրությամբ թիվը նվազել է՝ հասնելով 14-ի։ 577 քաղաքացի մեր աջակցությամբ տեղափոխվել են առանձնատներ և բնակարաններ։ Այս պահին Շիրակի մարզի հյուրանոցներում և պետական համայնքային տարածքներում հիմնականում այն ընտանիքներն են, որոնք դժվարանում են վարձով բնակարան գտնել և տեղափոխվել, քանի որ ընտանիքի կազմը բաղկացած է 1 կամ 2 անձից և տրամադրված գումարը չի բավարարի տան վարձակալության համար»,- ընդգծել է մարզպետի տեղակալը։
Շիրակի մարզի դպրոցներում ուսումը շարունակում է 687 աշակերտ, մարզի բուհերում՝ 45 ուսանող։ Այսօրվա տվյալներով, ժամանակավոր և մշտական աշխատանքի է տեղավորվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 62 քաղաքացի, ինչպես նաև առաջարկվել է 71 թափուր աշխատատեղ։
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերվել է Շիրակի մարզի բժշկական հաստատությունների կողմից բռնի տեղահանված անձանց ցուցաբերված բժշկական օգնությանն ու սպասարկմանը, հրատապ կարիքների գնահատման աշխատանքներին։ Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանի զեկույցի համաձայն, Շիրակի մարզի բժշկական հաստատություններում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2479 անձ, 150 անձի տրամադրվել է անվճար դեղորայք, 46 անձի` ստացիոնար բուժման ուղեգիր, 222-ը ստացել է լաբորատոր-գործիքային հետազոտության ուղեգիր։ Հաշվառվել է 23 հղի, ծննդաբերել՝ 5 կին։
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից ամենօրյա ռեժիմով ներկայացվում է տեղեկատվություն կարիքների գնահատման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության կողմից իրականացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 220 ընտանիքի 667 մարդու կարիքների գնահատում: Առանձնացվել են առաջնային կարիքները և դրանց բավարարման համար բռնի տեղահանվածներն ուղղորդվել են պետության կողմից պատվիրակված ծառայություն մատուցող կազմակերպություններ։
Համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարման ընթացքի մասին է զեկուցել ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ Արմեն Համբարձումյանը՝ նշելով, որ սեփական եկամուտները կատարվել են 89.7 տոկոսով։
Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը համայնքների ղեկավարներին հորդորել է գանձումների հարցում լինել առավել նախաձեռնողական և առաջիկա ամսվա ընթացքում ջանք ու եռանդ չխնայել ցուցանիշների դրական տեղաշարժ արձանագրելու համար՝ ընդգծելով, որ հարկերի հավաքագրման արդյունքում հնարավոր կլինի համայնքներում ավելի շատ հոգսեր հոգալ, սուբվենցիոն ծրագրերի թիվն ավելացնել։
Շիրակի մարզի համայնքներում 2023 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների և լրացումների մասին է զեկուցել Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը։ Ըստ այդմ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 32 սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ՝ 130 ենթածրագրերով, որից հաստատվել է 27 ծրագիր՝ 108 ենթածրագրերով։ Ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմում է 7 մլրդ 477 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 3 մլրդ 895 մլն դրամ (52%), համայնքի բյուջեի ֆոնդային մասը՝ 3 մլրդ 492 մլն (46.8%) և այլ ներդրողներ 89 մլն (1.2%)։ Ծրագրեր են իրականացվում 42 բնակավայրում։

Զեկույցներ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20