Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ

20.11.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
Օրակարգային առաջին հարցն առնչվել է Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի շրջանակներում իրականացվող՝ 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրով մարզում դպրոցների և մանկապարտեզների շինարարության ընթացքին, ժամկետներին։ Շիրակի մարզում քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ կառուցվում է 3 դպրոց՝ Բերդաշեն, Արեգնադեմ, Կապս բնակավայրերում, երկու մանկապարտեզ՝ Արթիկում և Արևշատում, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ էլ` 2 դպրոց և 3 մանկապարտեզ։
«Դպրոցների և նախակրթարանների կառուցումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են և մենք մեր մարզի մասով հստակ անելիք ունենք՝ անել հնարավորը պետական միջոցները նպատակային օգտագործելու, իրականացվող ծրագերի ընթացքին հետևելու և թերացումները բացառելու համար»,- նշել է Շիրակի մարզպետը և հանձնարարել առաջիկայում շրջայցեր պլանավորել շինհրապարակներ՝ աշխատանքներին հետևելու, արձանագրելու ընթացքն ու առաջացած հիմնահարցերին լուծման ուղիներ գտնելու նպատակով։
Մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և վարչատնտեսական մասով համակարգողների թափուր հաստիքների համալրման մրցույթների վերաբերյալ պարզաբանում է ներկայացվել, որ մինչև տարեվերջ թվով 20 դպրոցներում տնօրենների թափուր հաստիքների մրցույթներ կանցկացվեն, 7 դպրոցներում էլ՝ վարչատնտեսական համակարգողների։
Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի 2023թ․ ընթացքում իրականացված աշխատանքների և ֆինանսական բաղադրիչի, ինչպես նաև 2024 թվականի ծրագրերի ներկայացման գործընթացի վերաբերյալ օրակարգային հարցով մարզպետին է զեկուցվել, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 32 տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ՝ 130 ենթածրագրերով, որից հաստատվել է 27 ծրագիր 108 ենթածրագրերով։ Ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմել է 7 մլրդ 477 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում 3 մլրդ 895 մլն դրամ (52%)։
Մուշեղ Մուրադյանը հետաքրքրվել է ծրագրերի ընթացքով՝ կարևորելով դրանց թե ժամանակին, թե որակով իրականացումը․ «Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացում մեզ համար առաջնային նշանակություն ունեն և այստեղ պետք է թե մեր, որպես տարածքային համակարգող մարմին, թե համայնքների աչալրջությունն ու զգոնությունը, պետությունը համայնքներին բավական մեծ միջոցներ է հատկացնում ծրագրերի իրականացման համար, ուրեմն դրանց նպատակային լինելը, որակն ու ժամկետները պետք է առանց թերացումների լինեն»։
Այնուհետև Շիրակի մարզպետին է զեկուցվել համայնքների սեփական եկամուտների ցուցանիշերը։ Մարզպետի հանձնարարությամբ պատասխանատուները համայնքների հետ կաշխատեն մինչև տարեվերջ եկամուտների հավաքագրման դրական տեղաշարժ ապահովելու համար։
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև ՀՀ Վարչապետի 2023թ․ սեպտեմբերի 6-ին կայացած մարզի 2022թ․ հաշվետվության մասին խորհրդակցությունից հետո տրված հանձնարարականների կատարման ընթացքին, մարզպետի աշխատակազմի կարիքների համար իրականցված գնումներին, վարժական հավաքների և ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր։ Ըստ այդմ, վարժական հավաքների ընթացքում մարզին ներկայացված պահանջարկը կատարվել է 100 տոկոսով։
Անդրադարձ է կատարվել համաճարակային վիճակին, զեկուցվել է, որ համաճարակային վիճակը մարզում կայուն է, եղանակային փոփոխություններով պայմանավորված անհանգստացնող ցուցանիշ մարզում չկա, այսօրվա դրությամբ մարզում սուր շնչական վարակի 565 դեպք է արձանագրվել։
Մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների մասով նշվել է, որ նոյեմբերի 20-ի դրությամբ 2024 թվականի բերքի տակ կատարվել է շուրջ 12000 հա աշնանացան ցորենի ցանք։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ մի շարք հարցեր ևս, մասնավորապես, ԼՂՀ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, «Եղիր ուժ մեր երկրի համար» միջոցառման կազմակերպչական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21