Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

22.11.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի պատասխանատուների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին ցուցաբերվող աջակցության ծրագրերի ընթացքին, դրանց տեղայնացմանը, տարբեր կառույցների հետ համագործակցությանն ու հետագա անելիքներին վերաբերող հարցեր:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին։ Ըստ այդմ, կարևորվել է անշարժ գույքի, հողի և գույքի վարձակալության վճարների գանձումները, քանզի այդ հարկատեսակների մասով ցուցանիշները մյուս հարկատեսակների համեմատ ավելի ցածր են։
«Տարվա վերջին քիչ է մնացել, համայնքների հարգելի ղեկավարներ, այս առումով աշխատանքները պետք է առավել ինտենսիվ դարձնենք, որպեսզի ցուցանիշները բարձրանան։ Եկամուտների հավաքագրումը համայնքների հոգսերի թեթևացման կարևոր նախապայման է, հատկապես գիտեք, որ սուբվենցիոն ծրագրերի իրականացման առումով կարևոր է, որ համայնքների եկամուտների հավաքագրումը 90 տոկոսից պակաս չլինի, այլապես սուբվենցիաների հայտերի դիտարկումը հնարավոր կլինի միայն հիմնավորումների դեպքում։ Այնպես, որ աշխատելու ժամանակ կա և բացթողումները շտկելու համար պետք է ջանք ու եռանդ չխնայենք»,- նշել է Շիրակի մարզպետը։
Քննարկվել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Մուշեղ Մուրադյանը համայնքների ղեկավարներին հորդորել է այս հարցում ևս լինել հետևողական և անել հնարավորը աշխատանքները չձգձգելու, ավարտված ծրագրերի փաստաթղթային փաթեթներն ամբողջացնելու առումով, որպեսզի ներկայացվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ինչպես նաև վերջնական տեսքի բերել 2024-ի ծրագրային հայտերն ու ներկայացնել մարզպետի աշխատակազմ։
Համայնքների ղեկավարները մարզպետին են ներկայացրել նաև իրականացվող քաղաքաշինական մյուս ծրագրերի ընթացքը, մտահոգությունները, քննարկվել են բարձրացված հարցերը, դրանց լուծմանն ուղղված հնարավոր տարբերակներն ու անելիքները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20