Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հետևել է Գյումրու կենտրոնական հատվածում իրականացվող շինաշխատանքների ընթացքին
24.11.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ շրջել և հետևել է Գյումրու կենտրոնական հատվածում իրականացվող շինաշխատանքների ընթացքին։ Գյումրու պատմական միջուկի փողոցների վերակառուցման՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրով, ընթացքի մեջ են Հանեսօղլյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Մարզպետն ու համայնքի ղեկավարը զրուցել են շինարարների և տարածքի բնակիչների հետ, հետաքրքրվել աշխատանքների ընթացքով, լսել նրանց մտահոգությունները։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում նորոգվելու է ինչպես Հանեսօղլյան փողոցը, այնպես էլ Հաղթանակի պողոտայի, Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածները (Չերազի փողոցից Տերյան և Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակից մինչև Մայակովսկի փողոց), Սբ . Ամենափրկիչ եկեղեցու և հարակից այգու, Աճեմյան, Նալբանդյան և Ջիվանի փողոցները։
Մուշեղ Մուրադյանը համայնքի ղեկավարի հետ եղել է նաև «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբի շենքի տարածքում, քննարկվել են պատմական շենքի վերանորոգման հնարավոր տարբերակներին առնչվող հարցեր։
«Մեր մարզկենտրոնի պատման միջուկն այն հատվածն է, որի պահպանությունը մեզ համար առաջնային է, քանզի 19-րդ դարի քաղաքային կոլորիտի ամբողջացումն ու Գյումրու շունչը նաև այս հատվածում ենք զգում։ Ամենապահանջված զբոսաշրջային այս վայրերը Գյումրու այցեքարտերից են և ջանք ու եռնադ չպետք է խնայենք դրանց պահպանման և ներդրումային ծրագրեր ներգրավելու և իրականացնելու համար»,- նշել է Շիրակի մարզպետը։