Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հանդիպել է մարզում գործունեություն ծավալող մի շարք ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների հետ
28.11.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հանդիպել է մարզում գործունեություն ծավալող մի շարք ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների հետ։
Մարզպետը ողջունել է ֆերմերներին և նշել է, որ գյուղատնտեսության բնագավառի հիմնահարցերը պատասխանատուների ուշադրության կենտրոնում են․ «Շիրակն ավանդաբար գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մարզ է եղել, մեզ համար շատ կարևոր է, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները կարողանան անխոչընդոտ գործունեություն ծավալել, որը նպաստելու է ոլորտի զարգացմանը։ Նախորդ տարվա համեմատ այս գյուղատնտեսական տարում թե համախառն բերքի, թե միջին բերքատվության աճ ենք ունեցել, վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք ձեր առջև ծառացած խնդիրներին լուծման ուղիներ ևս գտնել»։
Հանդիպման ժամանակ ֆերմերները մարզպետի հետ քննարկել են ոլորտի հիմնախնդիրներին, մասնավորապես բերքի իրացմանն, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակին և զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Մարզպետը վստահեցրել է, որ ներկայացված հարցերը կքննարկի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ և անհրաժեշտության դեպքում նոր հանդիպումներ կկազմակերպվեն։
2023-ին մարզում 17 հազար 481 հա աշնանացան ցորեն է ցանվել, կարտոֆիլի ցանքատարածությունները 3569 հա են, այսօրվա դրությամբ կատարվել է շուրջ 12000 հա աշնանացան ցորենի ցանք։