Նորություններ
Պատվոգրեր ակտիվ ու անշահախնդիր աշխատանքի համար
06.12.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ազգաբնակչությանն աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար, այսօր պատվոգրեր է հանձնել մարզպետի աշխատակազմի մի շարք աշխատակիցների և դպրոցների տնօրենների։
Մուշեղ Մուրադյանը շնորհակալություն է հայտնել պարգևատրվածներին և նշել, որ գնահատանքի է արժանի նրանց անխոնջ աշխատանքը, քանզի դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակցելու գործում եղել են առավելագույնս ակտիվ ու աշխատել են անել հնարավորը նրանց սատար կանգնելու համար․ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորումը և հրատապ տեղավորումը, նրանց հիմնախնդիրների լուծումը մեր Կառավարության կողմից առաջնային է համարվում, մեզ մնում է անել հնարավորը պետական աջակցությունը հասցեական տեղ հասցնելու, պատշաճ մակարդակով բոլոր աշխատանքները կազմակերպելու համար: Ի ուրախություն մեզ, կարողացել ենք համատեղ ու համագործակցված գործել, որի արդյունքում լարված օրերն անցրել ենք անցնցում ու հանդարտ։ Այդ ամենը հնարավոր է եղել բոլորի անդուլ ջանքերի շնորհիվ, գնահատանքի են արժանի բոլոր այն մարդիկ, ովքեր դյուզն ինչ ներդրում ունեն այս գործընթացում, բոլոր այն կառույցներն ու կազմակերպությունները, որոնք պատրաստակամություն են հայտնել փոխգործակցության: Եվ թող ձեզ տրվելիք հաջորդ պատվոգրերն ու պարգևները լինեն մասնագիտական գործունեության մեջ առաջընթացի, ձեռքբերումների և ներդրման համար»։
Ներկաները շնորհակալություն են հայտնել մարզպետին վերաբերմունքի համար և նշել, որ այսուհետ ևս կանեն հնարավորը բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու հարցում։