Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

07.12.2023

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ
ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի´շիրակցիներ
Տասնյակ հազարավոր կյանքեր խլած սարսափելի երկրաշարժից 35 տարի անց մեր վերքերը դեռ չեն սպիացել։
Այդ չարաբաստիկ օրը հազարավոր հայերի համար ժամանակն ընդմիշտ կանգ առավ, մեր պատմության մեջ ավելացավ ևս մեկ տխուր էջ։
Արհավիրքի իրական ծավալները պատկերացնելու համար պետք էր տեսնել Գյումրին, Սպիտակը և տասնյակ այլ բնակավայրեր ցնցումներից րոպեներ հետո:
Աղետի պատճառած ամենամեծ վնասը մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածությունն էր: Փոխվեց նրանց ոչ միայն ապրելակերպը, այլև հոգեբանական վիճակը, որի ծանր հետևանքները զգացվում են անգամ 35 տարի անց։
88-ի երկրաշարժը, սակայն, նաև յուրօրինակ համաշխարհային հումանիտար համախմբման պատճառ դարձավ: Ինչի համար երախտապարտ ենք բոլոր այն պետություններին, որոնք ծանր պահերին մեզ ձեռք մեկնեցին։
Աղետի գոտի ասված գաղափարը մեզանից շատերի հետ տարիներով մեծացավ ու այն վերացնելուն, ավերածությունները վերականգնելուն են միտված եղել բազմաթիվ ծրագրեր։
Մարդկանց բնակարանային կարիքները, դպրոցների, մանկապարտեզների շինարարությունը, ենթակառուցվածքների նորոգումը հիմա էլ ՀՀ կառավարության առաջնահերթություններից են, քայլեր, որոնք հստակ նախանշում են պետության վերաբերմունքը առկա հիմնախնդիրների լուծման հանդեպ։
Եվ այժմ, երբ արդեն լրիվ նոր սերունդ է մեծացել աղետից հետո, կարևոր ու անհրաժեշտ է դարձել մեզ՝ շիրակցիներիս համար, սեփական ուժերի նկատմամբ վստահության վերականգնումն ու վաղվա օրվա հանդեպ լավատեսության ամրապնդումը։
Անելիքներ կան, սակայն կամք էլ կա առաջ շարժվելու, շենացնելու ու կառուցելու, պայքարելու և չընկրկելու, վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք հասնել տեսանելի արդյունքի։
Իմ խոնարհումն անմեղ զոհերի հիշատակին։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25