Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ներկա է գտնվել Աշոցքի նորակառույց պուրակի բացման արարողությանը

09.12.2023

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի, համայնքների և ուժային կառույցների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների, հերոսածին ծնողների, հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Աշոցքի նորակառույց պուրակի բացման արարողությանը՝ նվիրված Արցախյան գոյամարտերում և Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելիս Աշոցք համայնքից նահատակված քաջորդիների հիշատակին։
Շիրակի մարզպետը ողջունել է ներկաներին` նշելով, որ հուզիչ ու միևնույն ժամանակ ոգևորող միջոցառման է մասնակցում. «Աշոցքում այսուհետ մի վայր է լինելու, որտեղ բոլոր ցանկացողները կկարողանան հարգանքի տուրք մատուցել Արցախյան գոյամարտերում և Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելիս ընկած հերոսների հիշատակին։
Հանուն հող հայրենիի գիտակցված մահվան գնալը մարդկային ամենավեհ գիտակցումն ու ամենամեծ հերոսությունն է, նրանք ընկել են հանուն ամենաթանկի՝ մայր հայրենիքի, հանուն կյանքի։ Մեր կյանքով նրանց ենք պարտական և դրա համար պարտավոր ենք ամեն անցնող օր անել հնարավորը մեր երկիրը, մեր մարզը, մեր համայնքն առավել ուժեղ, զորեղ ու հզոր դարձնելու։
Այս պուրակը մեր հերոսների հիշատակը վառ պահելու ևս մեկ հնարավորություն լինելուց զատ, մեզ՝ ողջերիս համար, պատասխանատվության ու պարտավորվածության, զգոնության կոչ է, որ ապրենք նրանց անձնազոհությունը գնահատելով՝ անենք ամեն ինչ կիսատ թողած գործերը պատվով ավարտին հասցնելու համար։
Եվ ուրեմն, ամեն անգամ պուրակ այցելելիս խոնարհվելուց զատ, մեկ անգամ ևս պետք է խորհենք մեր արած ու չարած գործերի մասին՝ վստահ լինելով, որ երկիրը կառուցելուն միտված մեր ջանքերն առավել են, քան հապաղող քայլերը, որովհետև պատասխանատվություն ունենք անցյալի, ներկայի և մեր ապագայի առջև։
Այդ պատասխանատվության արդյունք կարելի է համարել այս պուրակի կառուցումը, որը հնարավոր եղավ պետություն-համայնք համագործակցությամբ՝ սուբվենցիոն ծրագրի իրականացմամբ։
Հավերժ փառք Արցախյան հերոսամարտերում, մեր երկրի սահմանները պաշտպանելիս ընկած հերոսներին»։
Պուրակում տեղադրված հուշատախտակը բացել են Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանն ու գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը։
Սուբվենցիոն այս ծրագրի արժեքը երկու փուլերի համար կազմել է 121 մլն դրամ։ Կառավարության համամասնությունը 45 տոկոս է եղել։
Աշոցքը 2023-ին նեկայացրել է 5 ծրագիր 11 ենթածրագրով` 330 մլն դրամի աշխատանք է կատարվելու, 2024 թվականի համար` 7 ծրագիր 22 ենթածրագրերով, ընդհանուր 516 մլն 144 հազար դրամ գումարի շրջանակներում, որի 63 տոկոսը պետությունն է տրամադրելու։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20