Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում բացվել է էլեկտրոնային գրադարան և նոր տեխնոլոգիաների լաբորատորիա

18.12.2023

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում այսօր հանդիսավորությամբ բացվել է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան էլեկտրոնային գրադարան և նոր տեխնոլոգիաների լաբորատորիա, որին ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Արթուր Կոստանդյանը, դասախոսներ, պատասխանատու այլ անձինք, հյուրեր։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել բուհի ուսանողներին նման նորարարություններց օգտվելու և բարձրակարգ կրթություն ստանալու համար, կարևոր համարել կրթության որակի բարձրացմանը նպաստող այսօրինակ նախաձեռնությունները Շիրակի մարզում․ «Անչափ գնահատելի է, երբ հասկանում ենք, որ որակյալ կրթության ապահովմանը միտված հստակ քայլեր են ձեռնարկվում բուհում, երբ ամեն ինչ արվում է ժամանակակից միտումներին ու գիտության զարգացումներին համընթաց քայլելու համար։ Մեր երկրին պետք է գիտելիքահեն տնտեսություն, իսկ դրա համար պետք է, որ բարձրագույն կրթությունը քայլի ժամանակին համապատասխան։ Այս առումով պոլիտեխնիկական համալսարանը հստակ քայլերով առաջ է շարժվում։ Լիահույս եմ, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը կկարողանա առավել մեծ ձեռքբերումներ արձանագրել և մեր պետության ու մարզի համար պիտանի, մրցունակ մասնագետ կադրեր պատրաստել»։
Հյուրերին ներկայացվել է, որ նորաբաց գրադարանը հագեցած է 15 համակարգիչներով, էլեկտրոնային տեղեկատվական էկրաններով և այլ սարքավորումներով, որի շնորհիվ մատուցվելու է նոր որակի գրադարանային ծառայություն։ Գրապահոցներում պահվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ էլեկտրոնային գրքեր։ Նշենք, որ այցելուները գրադարանից կարող են օգտվել պլաստիկ էլեկտրոնային քարտերի միջոցով, անվճար աշխատել նաև համացանցում՝ հավաքել նյութեր հետազոտական կամ ուսումնական աշխատանքների համար։ Ներկայացնելով Ադդիտիվ տեխնոլոգիաների լաբորատորիայի աշխատանքը, պատասխանատուները նշել են, որ լաբորատորիան սարքավորված է ժամանակակից, պրոֆեսիոնալ աշխատանքի համար նախատեսված երկու տպող գլխիկներով 3D տպիչով, եռաչափ սքաներով և այլ գործիքներով, որը հնարավորություն է տալիս իրականացնել ցանկացած բարդության դետալի եռաչափ մոդելավորում։
Լաբորատորիայում հնարավորություն կլինի կատարել հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև իրականացնել կոմերցիոն պատվերներ՝ բարդ, վնասված դետալների մոդելի վերականգման և տպագրության ոլորտում։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20