Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ
18.12.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
Խորհրդակցության օրակարգային առաջին հարցն առնչվել է ԼՂՀ-ից բռնի տեղահանված անձանց ցուցաբերվող աջակցության ծրագրերի ընթացքին, դրանց տեղայնացմանը, համայնքների և տարբեր կառույցների հետ համագործակցությանն ու հետագա անելիքներին։
«Մեզ համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելուն, նրանց օգնելուն միտված աշխատանքները մնում են օրակարգային ու կարևոր, պետք է ցանկացած խնդրի ուշադրություն դարձնենք, աշխատենք համայնքների ու բնակավայրերի հետ առանձին, որպեսզի որևէ հարց ուշադրությունից դուրս չմնա»,- նշել է մարզպետը։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող կապիտալ շինարարությունների ընթացքին, ավարտված շինարարական աշխատանքներին, ավարտական ակտով հանձնված շինարարական օբյեկտների բացմանն ու սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքներին։
«Մեզ մոտ իրականացվող ցանկացած շինարարություն, պետական բյուջեի միջոցով իրականացվող ցանկացած ծրագիր պետք է լինի հսկողության տակ, մարզ եկած գումարները պետք է ծախսվեն նպատակային։ Մեզանից պահանջվում է լինել և օբյեկտիվ, և հետևողական, և չափազանց զգոն՝ թերացումներն ու սխալները բացառելու, վերահսկողություն իրականացնելու և ժամկետներում տեղավորվելու առումով»,- ընդգծել է Մուշեղ Մուրադյանը։
Մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքի մասով մարզպետին զեկուցվել է, որ աշխատանքների վերահսկողությունն իրականացվում է պատշաճ կերպով, իսկ 2024-ի համար ներկայացվել է 33 ծրագիր՝ 8 մլրդ դրամի չափով, գումարի 51 տոկոսը կառավարությունն է փոխհատուցելու։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, մարզպետի աշխատակազմի բյուջեի կատարողականի, սոցիալական աջակցության գումարների տրամադրման, մարզպետի աշխատակազմի 2024թ․ կարիքների համար իրականացված գնումների, մարզպետի աշխատակազմի ենթակայության ՓԲԸ-ներում և ՊՈԱԿ-ներում իրականացվող աուդիտի ընթացքի վերաբերյալ հարցեր։
«Երբ խոսում ենք սեփական եկամուտների հավաքագրման մասին՝ բազմիցս ասված միտք գուցե կկրկնեմ, սակայն պետք է ընդգծեմ, որ համայնքների համար եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշները մի քանի առումով են կարևոր, նախ այն, որ կկարողանան բազմաթիվ հոգսեր լուծել, դրանից զատ էլ՝ իրականացնել սուբվենցիոն ծրագրեր, որոնց համաֆինանսավորման մասով ՀՀ կառավարությունն, իրապես, մեծ աջակցություն է տրամադրում համայնքներին»,- նշել է մարզպետը։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների թափուր հաստիքների համալրման մրցույթներին, դպրոցներում ջերմային ռեժիմի պահպանմանը, մարզում հակահամաճարակային վիճակին առնչվող հարցեր։ Մարզպետին զեկուցվել է, որ անհանգստացնող ցուցանիշներ չկան, իրավիճակը վերահսկելի է։
Անդրադարձ է կատարվել զորակոչի նախապատրաստական աշխատանքներին, գյուղատնտեսական խնդիրներին, մի շարք աշխատանքային այլ հարցերի։