Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել մարզի խորհրդի տարեվերջյան նիստը

27.12.2023

Անցնող տարին աշխատանքի, նոր ձեռնարկների ու ձեռքբերումների տարի կարելի է համարել, մենք եղել ենք հաշվետվողական նախ ինքներս մեզ, ապա նաև մեր քաղաքացիների առջև․ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը։
Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ 2023-ի դրական ու ամենասպասված լուրն իր համար եղել է Խծաբերդից գերեվարված շիրակցի տղաների վերադարձը, որը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության բանակցությունների արդյունքում։
Օրակարգային առաջին հարցն առնչվել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2023 թվականի կատարման արդյունքներին։ Ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զեկույցի համաձայն, սեփական եկամուտները կատարվել են 95.4 տոկոսով, ամենաբարձրը պետական տուրքերն են գանձվել, ամենացածրը՝ անշարժ գույքի հարկը։ Նախորդ տարվա համեմատ 2023-ին սեփական եկամուտների պլանային շեմը բարձրացվել է՝ 38,2 տոկոսով, 2022-ի համեմատ փաստացի հավաքագրումների թիվն աճել է 39․3 տոկոսով։
 «Կարևոր արձանագրում պետք է անել՝ պլանային շեմի բարձրացումը չի խանգարել մեր համայնքներին աշխատել և անել հնարավորն իրենց առջև դրված խնդիրը հավուր պատշաճի կատարելու համար։ Այո, սեփական եկամուտների հավաքագրումը ձեր ուղիղ պարտականությունն է և ես ուրախ եմ փաստելու, որ մեր համատեղ աշխատանքը ստացվել է։ Վստահ եմ՝ առաջիկա մեկ-երկու օրերին ևս նոր մուտքեր կլինեն և վերջնական արդյունքներն ամփոփելիս կունենանք ավելի բարձր ցուցանիշներ։ Իսկ 90-ից բարձր կատարողականն արդեն մեզ հնարավորություն է տալիս օգտվելու ՀՀ կառավարության կարևորագույն ծրագրերից՝ սուբվենցիաներից»,- նշել է մարզպետը։
 2023 թվականին մարզում փաստացի իրականացված սուբվենցիոն ծրագրերի և 2024 թվականի համար ներկայացված ամբողջական փաթեթների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրել է զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը։ Ըստ այդմ, 2023 թվականին մարզում, ըստ պայմանագրային արժեքների, իրականացվել են 6 մլրդ 843 մլն 500 հազար դրամի սուբվենցիոն ծրագրեր, գումարի 53.6 տոկոսը կառավարության ներդրումն է։
2024 թվականի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 36 սուբվենցիայի ամբողջական փաթեթ՝ 156 ենթածրագրերով։ Ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմում է 9 մլրդ 96 մլն դրամ՝ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում 4 մլրդ 889 մլն դրամ՝ 53.8 տոկոս։
«ՀՀ կառավարության ջանքերն ու նախաձեռնությունները, որոնք միտված են մեր համայնքների հզորացմանը, տեղական խնդիրների լուծմանը, մեծ արդյունավետությամբ իրականացվում են։ Քանիցս ասել եմ՝ ինձ համար առաջնային ու կարևոր պայման է պետական միջոցների նպատակային օգտագործումը, առանց թերացումների և ժամանակին շինաշխատանքների ավարտը։ Լիահույս եմ՝ սուբվենցիոն ծրագրերի մասով համայնքները կլինեն և հետևողական, և նախաձեռնողական, և օբյեկտիվ, աչքաթող չի արվի ոչ մի բնակավայրի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիր»,- ընդգծել է Մուշեղ Մուրադյանը։
☑ 2023-ին իրականացված կապիտալ շինարարության ծրագրերի մասին է զեկուցել քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։ Քաղաքաշինության բնագավառում պետական բյուջեի միջոցներով և այլ ֆինանսական աղբյուրներով 2023 թվականին իրականացվել է շուրջ 19 միլիարդ 612 միլիոն դրամի շինարարական աշխատանք։ Այդ գումարի շրջանակներում իրականացվել են 4 բնակելի շենքերի, 19 կրթական, մշակութային և մարզական օբյեկտների, 14 միջպետական հանրապետական և մարզային տեղական նշանակության ճանապարհահատվածների, մասնավոր ներդնողների կողմից անհատական բնակելի և հասարակական շենքերի կառուցման հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ: 2022-ի համեմատությամբ ներդրումների ծավալն աճել է շուրջ 4 միլիարդ 412 միլիոն դրամով՝ 22,5 %-ով:
«2023-ը մեզ համար իրապես շինարարական տարի է եղել, չկա ոլորտ, չկան կարևորագույն խնդիրներ, որոնց լուծմանը միտված ծրագրեր իրականացված չլինեն մարզում, դրանց գերակշիռ մասն ավարտվել է, շատերն էլ կշարունակվեն 2024-ին, ասել եմ և կրկնում եմ՝ ամեն ծրագրի իրականացման ընթացքը մեր աչալուրջ հսկողության տակ է և մենք հաշվետու ենք լինելու բոլոր նախաձեռնությունների անխոչընդոտ իրականացման հարցում»,-կարևորել է Շիրակի մարզպետը։
Մարզպետին է զեկուցվել, որ կառավարությունը 163 մլն դրամ 2024-ի սկզբին կուղղի «Գյումրի» ԲԿ-ի ներքին և արտաքին բարեկարգման աշխատանքներին, 115 մլն 926 հազար դրամ գումար էլ օրերս կայացած որոշմամբ կառավարությունը հատկացրել է մարզի չորս դպրոցների շենքերի նորոգման ու ջեռուցման համակարգերի կառուցման աշխատանքներին։
 2023 թվականի գյուղատնտեսական տարվա և իրականացված ծրագրերի ամփոփ զեկույցով հանդես է եկել գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։ 2024 թվականի բերքի տակ կատարվել է 13553 հա աշնանացան ցորենի ցանք։ 2023-ին՝ 2022-ի համեմատ, գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի միջին բերքատվությունը աճել է։ «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակներում 2022թ. 1764 հա ապահովագրված այգիների և ցանքատարածությունների հետ համեմատած 2023թ. մարզում ապահովագրվել են 3642 հա այգիներ և ցանքատարածություններ` աճը 1878 հա է:
 Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լեյլի Ասլանյանը։ Ըստ այդմ, մարզի բուժհաստատություններին 2023-ին տրամադրված պետական պատվերի բյուջեն կազմել է 5 մլրդ 228 մլն 848 հազար դրամ, ինչը 2022 թվականի դեկտեմբերի 1-ի համեմատությամբ ավելացել է 482 մլն 512 հազար դրամով: Նախորդ տարվա համեմատ վճարովի ծառայությունների դիմաց ստացված եկամուտների գումարը ավելացել է 80 մլն 838 հազար դրամով:
 «Վճարովի ծառայությունների ավելացումը խոսում է մարզի բժշկական հաստատությունների աշխատանքի մասին, մեզ համար պետք է կարևոր ուղղություն լինի բժշկական ծառայությունների սպասարկման որակի բարձրացումը, այս առումով հստակ աշխատանք է տարվում, կառավարությունը շատ լուրջ միջոցներ է ուղղում ինչպես ծառայությունների, այնպես էլ բուժսարքավորումների արդիականացման ուղղությամբ»,- նշել է Շիրակի մարզպետը։
 Մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքների և ուսումնական կիսամյակի ամփոփմանն է անդրադարձել կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը՝ նշելով, որ կամավոր ատեստավորման 2023-ին դիմել է 212 ուսուցիչ, նախորդ տարվա 65-ի փոխարեն։ Շիրակի մարզն առաջամարտիկ է մեդալակիրների թվով՝ 2022-2023 ուստարում 36 մեդալակիր է ունեցել մարզը։
 «Հպարտանալու և տարին ոգևորությամբ ավարտելու ցուցանիշներից ենք խոսում, Շիրակի մարզը կրթական, մշակութային ու մարզական հարուստ ավանդույթներ է միշտ ունեցել, նշաձողը ոչ թե պահելու, այլև բարձրացնելու խնդիր պետք է դնենք մեր առջև և առաջ շարժվենք վճռականությամբ»,- փաստել է Մուշեղ Մուրադյանը։
 Վարժական հավաքների նախապատրաստական աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Մուշեղ Մարգարյանը։ Ընթացիկ տարում հայտարարված վարժական հավաքների շրջանակում մարզին ներկայացված պահանջարկը կատարվել է 100 տոկոսով, ընդ որում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկած վարժական հավաքները, ըստ համապատասխան պլանի, 100 տոկոս համալրել է միայն Շիրակի մարզը:
Ամփոփելով նիստը՝ Շիրակի մարզպետը շնորհավորել է ներկաներին գալիք տոների առթիվ՝ մաղթելով ձեռքբերումներ ու խաղաղություն և նշել, որ 2024-ին առավել մեծ պատասխանատվությամբ ու նույն համագործակցային մթնոլորտում պետք է շարունակեն աշխատանքը։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20