Նորություններ
Շիրակի մարզպետն աշխատակազմի մի շարք պատասխանատուների փոխանցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրված շնորհակալագրերը
29.12.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի մի շարք պատասխանատուների այսօր փոխանցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրված շնորհակալագրերը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցման աշխատանքներին ակտիվ մասնակցության և պատշաճ կատարման, ինչպես նաև 2023 թվականի ընթացքում կատարած լավագույն աշխատանքի, ցուցաբերած բարձր պատասխանատվության համար։
«Ինձ համար կարևոր է, երբ համատեղ աշխատանք կա և այդ աշխատանքի արդյունքը տեսանելի է, շնորհակալագրերը մեր աշխատակազմի յուրաքանչյուր անդամինն է, քանզի անխոնջ աշխատել եք, որպեսզի օր առաջ մեր առջև դրված խնդիրները լուծում ստանան, վստահ եմ՝ 2024-ին կշարունակենք նույն պատրաստակամությամբ ու համախմբվածությամբ աշխատել՝ հանուն մեր երկրի, մեր մարզի զարգացման ու առաջընթացի»,- նշել է Շիրակի մարզպետը։
Հանդիպման ավարտին մարզպետի անունից պատվոգիր է հանձնվել «Զորակերտի միջնակարգ դպրոցի» տնօրեն Գևորգ Մովսիսյանին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ազգաբնակչությանն աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար։