Նորություններ
Շիրակի մարզպետը հետևել է մարզի 3 բնակավայրերում կառուցվող դպրոցների մոդուլային շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին
09.01.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հետևել է Շիրակի մարզի 3 բնակավայրերում՝ Բերդաշենում, Արեգնադեմում և Կապսում կառուցվող դպրոցների մոդուլային շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին։
Առաջին կանգառը Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրում է եղել, որտեղ ընթացքի մեջ են դպրոցի շենքի կառուցման աշխատանքները։
Մուշեղ Մուրադյանը մտահոգությունն է հայտնել շինաշխատանքների տեմպերի ու որակի մասով։
«Այստեղ իրական ռիսկեր եմ տեսնում ժամկետների մեջ տեղավորվելու և աշխատանքների որակով իրականացնելու առումով։ Պետական բյուջեից մարզ եկած գումարները պետք է ծախսվեն նպատակային և յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարվի որակյալ, այլ տարբերակ քննարկվել անգամ չի կարող, հորդորում եմ աշխատանքներում չհապաղել, հնարավորինս շուտ վերացնել թերացումները, ինչպես նաև շինարարությունն իրականացնել առանց թերացումների և միմիայն չափանիշներին համապատասխան։ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը կրթական հաստատությունների կառուցման ու նորոգման համար անում է հնարավոր ամեն ինչ, ուրեմն մենք ամեն մեկս մեր մասով պետք է լինենք առավել քան ուշադիր ու հետևողական»,- շինարարի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
Դպրոցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը 697 միլիոն 700 հազար դրամ է: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ և «Վանի» ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024 թվականին։ Մոդուլային ուսումնական հաստատությունն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով: Նույն պայմաններն է ունենալու նաև Արեգնադեմի միջնակարգ դպրոցը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 645 միլիոն 200 հազար դրամ։ Իրականացվել են ծածկի կառուցման և պատուհանների տեղադրման աշխատանքները։ Շինարարը մարզպետի հետ զրույցում հավաստել է, որ արվելու է հնարավորը գործընթացն արագացնելու, որակով և ժամանակին ավարտին հացնելու համար։
Մուշեղ Մուրադյանը պատասխանատուների հետ հետևել է նաև Ախուրյան համայնքի Կապս բնակավայրում ընթացքի մեջ գտնվող դպրոցի շինաշխատանքներին, այստեղ այժմ իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ։
Մարզպետը շինարարի հետ զրույցում կարևորել է թերացումների բացառումը, նախանշել որոշակի շտկումների անհրաժեշտությունն ու ընդգծել, որ եթե խոսքը կրթական հաստատությունների կառուցման ու նորոգման, կրթական պայմանների բարելավման մասին է, ապա զիջումներ ներողամտություն չի դրսևորվելու։ Մուշեղ Մուրադյանին զեկուցել են, որ ծրագրի ընդհանուր արժեքը 616 մլն 600 հազար դրամ է: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ինտերեվրոս» ընկերությունը։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024-ին: