Նորություններ
Շիրակի մարզպետը հյուրընկալել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
22.01.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ մարզպետը նշել է, որ ուրախ է հանդիպման համար, քանզի հնարավորություն ունեն քննարկելու արդեն ձևավորված համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր և ներկայացրել Շիրակի մարզն ու մարզի ներուժը․ «Նախորդ տասնամյակների ընթացքում ձևավորված հայ-ավստրիական հարաբերությունները շատ կարևոր են մեր երկու երկրների համար։ Որպես Շիրակի մարզպետ, բարձր եմ գնահատում Ավստրիայի Հանրապետության կառավարության աջակցությունը Շիրակի մարզին հետերկրաշարժյան ժամանակաշրջանում։ Խոսքս թե Գյումրու «Ավստրիական թաղամասի», թե «Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի» մասին է»։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության ու անմիջական վերաբերմունքի համար՝ նշելով, որ հայ-ավստրիական բարեկամությունը թեև ամրապնդվել է 88-ի աղետից հետո, սակայն ձևավորվել են երկկողմ շատ ջերմ, բարեկամական հարաբերություններ․ «Պարոն մարզպետ, ես տպավորված եմ Շիրակի մարզով ու, բնականաբար Հայաստանով, նստավայրս թեև Թբիլիսին է, սակայն հաճախ եմ լինում այստեղ և փորձում եմ անել հնարավորը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման համար։ Ուրախ եմ տեսնելու, որ դուք ևս պատրաստակամ եք ջանքեր ներդնելու հարաբերությունների ամրապնդմանը»։
Կողմերն անդրադարձել են 2021 թվականից Շիրակի մարզում մեկնարկած «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» /«LEAD4Shirak»/ ծրագրին, որի առնչությամբ Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերին նշել է, որ տպավորված է մարզում իրականացված աշխատանքներով ու ծրագրից ստացված արդյունքներով։
«Վստահ եմ, որ մեր երկրների երկկողմ միջպետական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ, իսկ մենք կկարողանանք համատեղ ջանքերով նպաստել դրանց սերտացմանը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը հետայսու ևս պատրաստ է համագործակցության և կարևորում է ապակենտրոնացված գործընկերությունն ու մարզի զարգացմանը միտված նախաձեռնությունների իրականացումը,- նշել է Շիրակի մարզպետը։
Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրների լուծմանը, զբոսաշրջության զարգացմանը միտված նախաձեռնություններին առնչվող հարցեր։
Մուշեղ Մուրադյանը հուշանվերներ է փոխանցել հյուրերին՝ վստահություն հայտնելով, որ հանդիպումների արդյունքում կնախանշվեն նոր ծրագրեր, որոնց իրականացմանը կմիտվեն կողմերի ջանքերը։