Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը բարի ծառայություն է մաղթել նորակոչիկներին, որոնց թվում նաև որդին է

25.01.2024

 Մեր բազմադարյա պատմություն ունեցող հայրենիքի առաջ պարտքի գիտակցումը ձեզ համար այսուհետ պետք է լինի առաջնային, քանզի ձեզանից է այժմ կախված մեր սահմանների պաշտպանությունն ու ընտանիքների խաղաղությունը․ Շիրակի մարզպետը բարի ծառայություն է մաղթել նորակոչիկներին, որոնց թվում նաև որդին է
Շիրակցի նորակոչիկների նոր խումբն այսօր մեկնել է ծառայության:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պարտականությունները կատարող, փոխգնդապետ Իշխան Գրիգորյանի, ծնողների, հարազատների հետ մասնակցել է հայոց բանակ ճանապարհելու արարողությանը:
«Այսօր որքան պարտավորեցնող, նույնքան պատասխանատու օր է ոչ միայն ձեզ՝ այլև ինձ համար։ Իմ հոգում միախառնվել են հպարտության վեհ զգացումն ու ծնողական հուզմունքը, քանի որ ձեզ հետ Հայոց բանակ եմ ճանապարհում իմ որդուն։
Տղաներ, դուք գնում եք փոխարինելու մեր հայրենիքի զինված ուժերում պարտքը կատարած ձեր ավագ ընկերներին։ Գիտակցեք, որ պատիվ է լինել հայ զինվոր, ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Ձեր ծառայության ժամանակ ոչ մի վայրկյան չկորցնեք զգոնությունն ու սթափությունը, միշտ եղեք ձեր սպաների ու ծառայակից ընկերների կողքին։
Հայրական օրհնանք հղելուց զատ, ուզում եմ միշտ հիշեք՝ զինվորական ծառայությունը յուրաքանչյուր տղամարդու համար մի փորձություն է, հայրենիքի ու հայրենի հողի անառիկության համար ծառայելն իսկապես պատվաբեր ու անչափ կարևոր է։ Տոկունություն, կամք եմ մաղթում ձեզ, իսկ մեր բոլոր զորակոչիկների ծնողներին ու հարազատներին, որոնց թվում և ես եմ՝ համբերություն։ Թող հպարտության զգացումին երկչոտություն երբեք չխառնվի, մենք ուժեղ ենք ու վստահ եմ՝ երկու տարի անց մեր որդիներին պետք է դիմավորենք առավել մեծ հպարտությամբ ու ոգևորությամբ»,- նշել է Շիրակի մարզպետը՝ մաղթելով նորակոչիկներին բարի երթ, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:00:15