Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է Գյումրու N զորամաս
28.01.2024
Հայաստանի բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առիթով Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է Գյումրու N զորամաս, մասնակցել տոնական շքերթին ու միջոցառմանը։
Մարզպետը հրամանատարներին ու զինվորներին ուղղված շնորհավորական խոսքում նշել է, որ անչափ հուզմունքով ու մեծ պատասխանատվությամբ ու ոգևորությամբ է մասնակցում միջոցառմանը․ «Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում Հայաստանի զինված ուժերը ոչ մի վայրկյան չի կորցրել զգոնությունն ու հայրենի հողն անառիկ պահելու գիտակցումով է քայլել առաջ, հայ ժողովրդին կոտրել հնարավոր չէ, հայի ոգին ամուր է։ Եթե կա նվիրում, անձնվեր աշխատանք, կա հավատ պետականության, ինքնիշխանության, անկախության ու անվտանգության պահպանման աներկբա լինելու նկատմամբ՝ մեր պայքարը չի կարող ձախողվել: Եկեք կրկին ու կրկին խոնարհվենք հանուն հայրենիքի ընկած, բայց երբեք չծնկած մեր հերոս հայորդիների հիշատակի առջև ու հավատով առաջ նայենք, քանզի վստահ եմ՝ մենք դեռ հաղթանակներ տոնելու ենք»։
ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի, անմնացորդ նվիրումի, հայրենանվեր ու անձնուրաց ծառայության համար Շիրակի մարզպետը պատվոգրերով է պարգևատրել զորամասի հրամանատար, գնդապետ Վարդան Հարությունյանին, մի շարք բարձրաստիճան զինվորականների, սպաների, զինվորների։
ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի, ՀՀ ՊՆ N զորամասին աջակցելու և արդյունավետ համագործակցության համար զորամասի հրամանատարության անունից շնորհակալագիր է տրվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանին, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Մուշեղ Մարգարյանին։