Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզի համայնքներում արտագնա աշխատանքային խորհրդակցությունները շարունակվում են

05.02.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզի համայնքներում արտագնա աշխատանքային խորհրդակցությունները շարունակվում են։
Հերթական խորհրդակցությունն անցկացվել է Ամասիայի համայնքապետարանում, որին մասնակցել են մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուները, վարչական ղեկավարները, ավագանու անդամները։
«Մենք համայնքներին հուզող խնդիրներին տեղում ծանոթանալու, համայնքապետերի ու աշխատակազմերի հետ անմիջական շփումների, տեղի բնակիչներին լսելու համար ենք անցկացնում այս հանդիպումները։ Համայնքներ այցելելու իմ նպատակը ոչ թե խնդիրների գույքագրումն է, այլև արդեն իսկ բոլորիս հայտնի խնդիրների լուծման վերաբերյալ ձեր մոտեցումների ու տեսակետների հստակեցումը, արված աշխատանքը գնահատելն ու չարվածը մատնանշելն է, բացթողումները շտկելը»,-նշել է Մուշեղ Մուրադյանը։
Ամասիա համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մարզպետին այցելության համար՝ բարձր գնահատելով նման ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը համայնքներում, այնուհետև անդրադարձել արված աշխատանքներին և զեկուցել առաջիկա անելիքների մասին։
Խորհրդակցության օրակարգային առաջին հարցն առնչվել է սեփական եկամուտների հավաքագրմանը։ 2023-ին Ամասիան սեփական եկամուտները կատարել է 94,5 տոկոսով, իսկ 2024-ի հունվարին ցուցանիշը ցածր է՝ 76,8 տոկոս։
«Հունվարը հարկերի հավաքագրման առումով հասկանալի է առավել բարդ ամիս է, սակայն դա չի նշանակում, որ պետք է հապաղենք։ Մեր բնակիչները պետք է հստակ պատկերացում ունենան, որ վճարած հարկերը համայնքի զարգացման համար է»,- նշել է Շիրակի մարզպետը՝ հորդորելով լինել առավել զգոն ու պարտաճանաչ։
Քննարկվել է նաև համայնքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, 2024-ին ներկայացված ծրագրերի նպատակայնությունն ու իրատեսականությունը։ 2023 թվականին Ամասիայում իրականացվել է 4 ծրագիր՝ 132,3 մլն դրամ արժողությամբ, Կառավարության համամասնությունը կազմել է 58 տոկոս։ 2024-ի համար համայնքը ներկայացրել է ընդհանուր 171 մլն 136 հազար դրամի 3 ծրագիր, գումարի 63 տոկոսը ՀՀ կառավարությունն է տրամադրելու։
Անդրադարձ է կատարվել նաև քաղաքաշինական մի շարք ծրագրերի, որոնք իրականացվում են համայնքում, մասնավորապես, դպրոցաշինական երկու նախագծերին։ Մարզպետը նշել է՝ դժգոհ է թե Արեգնադեմի, թե Բերդաշենի շինաշխատանքների ընթացքից ու որակից, որի համար համապատասխան գրություններ են ուղարկվել պատկան մարմիններին։
Հաշվետու ժամանակաշրջանում Ամասիա համայնքում իրականացված հողերի աճուրդային վաճառքի արդյունքում օտարվել է 0.918 հա 42 կտոր հողամաս՝ 1 մլն 127 հազ դրամ գումարով։ Ապահովվել է ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված նվազագույն մեկնարկային արժեքի նկատմամբ բարձր մակարդակ: Իսկ ուղղակի վաճառքով, Ամասիա համայնքում տվյալ հողամասի կադաստրային արժեքով, օտարվել է ընդամենը 0.5292 հա համայնքային սեփականության հողամասեր՝ 494 հազ 216 դրամ արժեքով։
Գյուղատնտեսական աշխատանքների մասով մարզպետին զեկուցվել է, որ համայնքում իրականացվել է 1625 հա աշնանացան, աշնանացան ցորենի փոխհատուցման պետական ծրագրի շրջանակում 391 շահառուի տրամադրվել է շուրջ 120 մլն դրամի փոխհատուցում։ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ պետական օժանդակության ծրագրերի մասով կրկին աշխատանքներ կտարվեն․ «Ես գիտեմ, որ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները եղել են համայնքների բնակավայրերում՝ պետական աջակցության ծրագրերի մասով տեղեկատվությունը փոխանցելու նպատակով, սակայն կարծում եմ՝ գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կարիք կա այդ աշխատանքները կրկին իրականացնելու, դրա համար նոր աշխատանքային խումբ կկազմվի, որի մեջ կընդգրկվեն մարզպետի աշխատակազմի պատասխանատուները և նորից կշրջեն մեր բնակավայրերում, մենք ամեն ինչ պետք է անենք, որ բնակիչները հնարավորինս շատ տեղեկացված լինեն ու կարողանան օգտվել ՀՀ կառավարության ընձեռած հնարավորություններից»։
Անդրադարձ է կատարվել Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի և վարչական ղեկավարների կողմից աշխատանքների պատշաճ կազմակերպման, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Ամասիա համայնք տեղափոխված հայրենակիցներին աջակցելու նպատակով իրականացված աշխատանքներին, կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպմանը, կրթական հաստատությունների կլաստերային միավորման, առողջապահական հիմնարկների գործունեությանն ու բնակչության սպասարկման որակի բարձրացմանն առնչվող հարցերի։
Քննարկվել է նաև 2024-ի ձմեռային զորակոչի՝ համայնքի արձանագրած արդյունքները, ըստ այդմ՝ այն կատարվել է 111,5 տոկոսով, որը Հանրապետությունում լավագույն ցուցանիշներից է:
Խորհրդակցությունից հետո մարզպետը շրջել է նաև քաղաքացիների սպասարկման գրասենյակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին և առաջիկա անելիքներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26