Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային արտագնա հերթական խորհրդակցությունը` Անիի համայնքապետարանում

06.02.2024

 Մեր նպատակը մեկն է` օր առաջ մեր բնակիչների հոգսերը թեթևացնել, օր առաջ լուծել մարզի համայնքների առջև ծառացած խնդիրները և դա անել հենց համայնքների հետ համագործակցությամբ ու համատեղ աշխատանքով. Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային արտագնա հերթական խորհրդակցությունը` Անիի համայնքապետարանում։
Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Աննա Մարտիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքապետարանի աշխատակիցները, վարչական ղեկավարները, ավագանու անդամներ։
Կարևորելով մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների համատեղ աշխատանքը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ այցելությունները համայնքներ հաճախակի են լինելու և նպատակ ունեն համագործակցությունն առավել առարկայական դարձնել։
Մուշեղ Մուրադյանը խոսելով Անի համայնքի կողմից 2023 թվականին արված աշխատանքների մասին նշել է, որ դրվատանքի է արժանի համայնքի նախաձեռնողականությունը, իսկ 2024-ից սպասելիքները մեծ են։
Անի համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մարզպետին համատեղ աշխատանքի, համայնքի ղեկավարի բարդ ու պատասխանատու աշխատանքում իրեն աջակցելու, համայնքային խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար և անդրադարձել իրականացված աշխատանքներին ու առաջիկա անելիքներին։
Խորհրդակցության օրակարգային առաջին հարցն առնչվել է համայնքում իրականացված սուբվենցիոն ծրագրերին, քննարկվել են 2023-ին իրականացված ծրագրերի ժամանակ առաջացած խնդիրների լուծմանն առնչվող հարցեր։ 2024-ի համար Անին ներկայացրել է ընդհանուր 1 մլրդ 417 մլն 759 հազար դրամի 3 ծրագիր՝ 7 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման, կոյուղագծերի կառուցման, փողոցների հիմնանորոգման, բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ։
Մուշեղ Մուրադյանը անդրադառնալով համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին՝ ընդգծել է, որ գումարները պետք է ծախսվեն նպատակային և աշխատանքներն իրականացվեն որակով և ժամկետներում։
Անդրադարձ է կատարվել սեփական եկամուտների հավաքագրման 2023-ի արդյունքներին, 2024-ին պլանավորված աշխատանքներին։ 2024-ի հունվարին համայնքը սեփական եկամուտների առաջին ամսվա կատարողականը 100 տոկոսով է իրականացրել։
Քննարկվել են նաև ընթացքի մեջ գտնվող քաղաքաշինական մի շարք ծրագրերի վերաբերող հարցեր, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառում իրականացված աշխատանքները։ Ըստ այդմ, զեկուցվել է, որ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2023-ի պետական աջակցության ծրագրի շրջանակներում Անի համայնքի 1409 շահառուի տրամադրվել է 305 մլն դրամ, իսկ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրով համայնքը ձեռք է բերել 3 միավոր տեխնիկա։
Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ պետական օժանդակության ծրագրերի մասով կրկին աշխատանքներ կտարվեն, որպեսզի համայնքի բնակիչները հնարավորինս շատ տեղեկացված լինեն և կարողանան օգտվել ՀՀ կառավարության ընձեռած հնարավորություններից։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել Անիի համայնքապետարանի աշխատակազմի և վարչական ղեկավարների կողմից աշխատանքների պատշաճ կազմակերպման, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության տրամադրման, առողջապահական հիմնարկների գործունեությանն ու բնակչության սպասարկման որակի բարձրացմանն առնչվող հարցերի, կրթության բնագավառում առկա անելիքներին, մշակութային միջոցառումների կազմակերպմանն ու 2024 թվականի ձմեռային զորակոչի համայնքի արձանագրած արդյունքներին։
Մարզպետը նշել է, որ արտագնա խորհրդակցությունները, շրջայցերն ու քննարկումները կրելու են պարբերական բնույթ, քանի որ դրանք հնարավորություն են տալիս անմիջական շփումների միջոցով ոչ միայն խնդիրներին առավել մանրամասն ու հանգամանորեն ծանոթանալու, այլև դրանց լուծման տարբերակների քննարկման ժամանակ համայնքների բնակիչները հաշվի առնելու։
Հանդիպման ավարտին մարզպետը պատասխանել է վարչական ղեկավարներին հետաքրքրող հարցերին։
Մուշեղ Մուրադյանը՝ Անի համայնքում Տեղական ինքնակառավարումը հավուր պատշաճի իրականացնելու, համայնքային հիմնահարցերին արագ արձագանքելու, ակտիվ համագործակցության և նվիրված աշխատանքի համար, պատվոգիր է հանձնել Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին։ Շնորհակալագրեր ու պատվոգրեր են հանձնվել նաև համայնքապետարանի մի շարք աշխատակիցների, ավագանու անդամների, վարչական ղեկավարների։
Մարզպետը եղել է նաև քաղաքացիների սպասարկման գրասենյակում և Միասնական սոցիալական ծառայության Անիի տարածքային կենտրոնում, շրջել և ծանոթացել է կենտրոններում մատուցվող ծառայություններին, զրուցել աշխատակիցների և շահառուների հետ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20