Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ
07.02.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պատասխանատու ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքային խնդիրներն ու անելիքները, մասնավորապես, սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքներում համայնքներին մարզպետի աշխատակազմի աջակցության ցուցաբերմանը, քաղաքաշինական ծրագրերի ընթացքն ու դրանցում արձանագրված թերացումների վերացմանը, մարզի համայնքներում արտագնա խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարմանն առնչվող հարցերի:
«Մեր շրջայցերը, արտագնա խորհրդակցություններն ու քննարկումներն ինքնանպատակ չեն, ես համայնքներում էլ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ՝ համայնքների հետ համագործակցված պետք է աշխատենք խնդիրների լուծման համար, իսկ մարզպետի աշխատակազմը հստակ պատասխանատվություն ունի՝ ցանկացած ծրագրի իրականացման ընթացքում լուրջ վերահսկողություն իրականացնելու, խնդիրների լուծման հետևից գնալու հարցում։ Պետական բյուջեից հատկացված ոչ մի դրամ չպետք է ծախսվի անարդյունավետ, դրա համար մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք»,- նշել է մարզպետը՝ հանձնարարելով ոլորտային պատասխանատուներին բոլոր շրջայցերի և մշտադիտարկումների ընթացքում նկատած, արձանագրած թերացումներն ու խախտումները ոչ միայն փաստագրել, այլև ամենօրյա աշխատանքով հետևել դրանց վերացման ուղղությամբ տարվող քայլերին։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ վարչապետի մոտ Շիրակի մարզպետի աշխատակազմի 2022-ի հաշվետվության քննարկման արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքին, որի առնչությամբ Մուշեղ Մուրադյանը նշել է, որ աշխատակազմը պատասխանատու պետական բոլոր կառույցների հետ պետք է համագործակցի՝ առանց թերացման դրանք կատարելու համար։