Նորություններ
Շիրակի մարզպետը մասնակցել է Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստին
08.02.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մասնակցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած հանձնաժողովի հերթական նիստին:
Քննարկվել են նիստի օրակարգում ներառված հարցերը, որոնք վերաբերել են աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանին նվիրված համերգային ծրագրերի, ցուցահանդեսների, գիտաժողովի, տոնակատարությունների մեկնարկն ազդարարող միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը: Անդրադարձ է կատարվել նաև միջոցառումների հանրային իրազեկմանը վերաբերող հարցերի:
Հանդիպմանը հստակեցվել են միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը: Քննարկումների արդյունքում հանձնաժողովը հաստատել է ծրագրի վերջնական տարբերակը:
Արայիկ Հարությունյանը հանձնարարել է արդեն իսկ սկսել այն միջոցառումների կազմակերպման հետ կապված աշխատանքները, որոնք հանձնաժողովի կողմից հաստատվել են, իսկ այն հարցերը, որոնք բարձրացվել են այսօրվա նիստի ընթացքում, դրանց շուրջ կազմակերպել քննարկումներ և հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան առաջարկություններ և լուծումներ։