Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ Ախուրյանում տեղի է ունեցել արտագնա աշխատանքային հերթական խորհրդակցությունը

13.02.2024

Համատեղ աշխատանքով, նվիրվածությամբ, նախաձեռնողականությամբ կկարողանանք մեր համայնքների առջև ծառացած հիմնահարցերին օր առաջ լուծում տալ․ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել արտագնա աշխատանքային հերթական խորհրդակցությունն Ախուրյան համայնքում։
Արտագնա խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանն ու Ալբերտ Այվազյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, համայնքապետարանի աշխատակիցները, վարչական ղեկավարները, ավագանու անդամներ։
Նիստի մեկնարկին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի առաջարկով ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։
Ախուրյան համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մարզպետին՝ կառուցողական աշխատանքի ու համայնքային խնդիրների լուծմանն աջակցելու համար։
Խորհրդակցության սկզբում անդրադարձ է կատարվել սեփական եկամուտների հավաքագրման 2023-ի կատարողականին, 2024-ին պլանավորված աշխատանքներին։
«Ես բազմիցս նշել եմ, որ սեփական եկամուտների հավաքագրմամբ կկարողանանք մեր համայնքներում տարբեր ծրագրեր իրականացնել, այնպես որ այս աշխատանքներում ոչ մի օր չպետք է թերանալ»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։
Անդրադարձ է կատարվել 2023 թվականին համայնքում իրականացված սուբվենցիոն ծրագրերին և 2024-ին ներկայացված ծրագրային հայտերին։ Ըստ այդմ՝ 2023 թվականին 16 ծրագրի շրջանակներում 719.8 մլն դրամի շինարարական աշխատանք է իրականացվել, որից Կառավարության համամասնությունը կազմում է 441.1 մլն դրամ՝ 61 տոկոս։
2024 թվականի համար համայնքը ներկայացրել է 12 ծրագիր՝ 24 ենթածրագրով՝ 4 մլրդ 537 մլն 102 հազար դրամի շրջանակներում, որից Կառավարության մասնաբաժինը կազմում է 1 մլրդ 633 մլն 590 հազար դրամ։ Ինչպես նաև լրացուցիչ լրամշակման արդյունքում ներկայացվել է 6 ծրագիր՝ 13 ենթածրագրով՝ 1 մլրդ 754 մլն 688 հազար դրամի շրջանակներում, որից Կառավարության մասնաբաժինը կազմում է 1 մլրդ 41 մլն 196 հազար դրամ, ընդամենը 4 մլրդ 537 մլն 102 հազար դրամ, Կառավարության մասնաբաժինը կազմում է 2 մլրդ 674 մլն 786 հազար՝ 59 տոկոս:
Մուշեղ Մուրադյանն անդրադառնալով համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին՝ ընդգծել է, որ գումարները պետք է ծախսվեն նպատակային և աշխատանքներն իրականացվեն որակով և ժամկետներում։
«Բոլոր համայնքներում այս ամենի մասին խոսել եմ, ձեզ հետ քննարկմանն էլ ուզում եմ մատնանշել, որ համայնքների կողմից ներկայացված ծրագրերի որակով ու ժամանակին իրականացումը պարտադիր պայման է, պատասխանատու բոլոր կառույցներն այս հարցում չպետք է կորցնեն զգոնությունը, բայց նաև հորդորում եմ բոլոր համայնքներին՝ ցանկացած ծրագիր ներկայացնելիս քննարկեք հրատապությունը, նպատակայնությունն ու անհրաժեշտությունը, այստեղ ևս պետք է ձեր քայլերը հստակ հաշվարկված լինեն»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Քաղաքաշինական ծրագրերի մասով անդրադարձ է կատարվել համայնքի Կապս և Ազատան բնակավայրերում դպրոցների կառուցման աշխատանքներին, որոնք մեկնարկել են 2021 թվականին, Կապսի ջրամբարի շինարարությանը։
Օրակարգային հարցերից են եղել նաև պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի, Ախուրյան համայնքում գյուղատնտեսության ապահովագրական համակարգի արդյունավետության, գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական, Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից աշխատանքների կազմակերպման, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցելու նպատակով իրականացված աշխատանքների ընթացքը, քննարկվել են Ախուրյան համայնքի ազգաբնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակին, ինչպես նաև համայնքում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատանքին և դպրոցներում իրականացվող գործընթացներին, պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչին և վարժական հավաքների արդյունքներին առնչվող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36