Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժին
16.02.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատկազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժին։ Գյումրու բաժնի պետ, գնդապետ Մանվել Խաչատրյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կառույցում, ծանոթացել բաժնի աշխատանքների ընթացքին, զրուցել աշխատակիցների հետ։
Կարևորելով ծառայության արդյունավետությունը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ առանձնակի գոհունակության առիթ է տվել 2023 թվականին Գյումրու բաժնի լավագույնը ճանաչվելու հանգամանքը․ «Շատ ուրախ եմ, որ ռազմական ոստիկանության Գյումրու բաժինը 2023-ին ճանաչվել է լավագույնը հանրապետությունում, ինչը խոսում է աշխատանքի որակի, պատասխանատվության և նվիրումի մասին, սա վկայում է այն մասին, որ մեր բաժնի աշխատակիցները ջանք ու եռանդ չեն խնայել ինչպես հետաքննական աշխատանքներ իրականացնելիս, այնպես էլ խախտումների կանխարգելման ուղղությամբ։ Այս ամենը հնարավոր է թիմային աշխատանքով ու հոգացավությամբ միայն»,- նշել է մարզպետը։
Ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի պետ Մանվել Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին գնահատականի և այցելության համար՝ նշելով, որ այն պարտավորեցնող է։
Մուշեղ Մուրադյանը, ծառայության ընթացքում պարտականությունները պատշաճ կատարելու, նվիրված և անբասիր աշխատանքի համար, պատվոգրով է պարգևատրել ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի պետ Մանվել Խաչատրյանին և ծառայության ընթացքում բարձր կարգապահությամբ աչքի ընկած աշխատակիցների։