Նորություններ
«-46° C» ձմեռային փառատոն` ձմեռային մարզաձևերով ու բարձր տրամադրությամբ
24.02.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ մասնակցել է Ամասիա համայնքում անցկացվող ձմեռային փառատոնին, որին ներկա են գտնվել ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, պատասխանատու պաշտոնյաներ, հյուրեր։
Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետը նշել է, որ ուրախությամբ է մասնակցում ձմեռային ժամանցի ապահովմանն ու ձմեռային մարզաձևերի զարգացմանը միտված միջոցառումներին․ «Բարով եք եկել Շիրակի մարզ, բարով եք եկել Ամասիա։ Ուրախ եմ ներկա գտնվել միջոցառմանը, որի նպատակը մարզի, ինչու ոչ, նաև այլ մարզերի բնակիչների ակտիվ հանգիստը և հետաքրքիր ժամանցն ապահովելն է, իհարկե նաև Շիրակի մարզի զբոսաշրջային հնարավորությունները բացահայտելն ու տուրիզմի զարգացման համար նոր ու հետաքրքիր քայլեր ձեռնարկելը։ Շատ ուրախ եմ բոլորիդ տեսնելու մեր մարզի հյուսիսում՝ գողտրիկ Ամասիայում, որտեղ մաքուր օդն ու բարձր տրամադրությունը մեծ նախադրյալներ են ստեղծում վայելելու բնության հարաշալիքները, հիանալու նրա գեղեցկությամբ։ «-46°C» ձմեռային փառատոնը բոլորիդ հնարավորություն կտա վայելելու ձմռան վերջին օրերն ու ձմեռային մարզաձևերի պարգևած հաճելի զգացողությունները»։
Մասնակիցներին ողջունել են նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահը, Ամասիա համայնքի, LEAD4Shirak ծրագրի և «Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խմբի ղեկավարները։
Փառատոնն անցկացվել է ՀՀ էկոնոմիակայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի, LEAD4Shirak ծրագրի աջակցությամբ և «Հյուսիսային ուղի» տեղական ակտիվ խմբի նախաձեռնությամբ։
Ձմեռային մարզաձևեր, մշակութային համարներ, մրցութային, սիրողական խաղեր, ցուցադրական ելույթներ, հաղթողներ, հրաշալի ժամանց՝ «-46°C» ձմեռային փառատոնը տոն է դարձել մասնակիցների համար։