Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատակազմը հանդիպել է Շիրակի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

01.03.2024

 Շիրակի մարզպետի աշխատակազմն այսօր հանդիպել է Շիրակի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
Մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանը, Ալբերտ Այվազյանը, աշխատակազմի պատասխանատուների, մարզի համայնքների ղեկավարների, տեղակալների, համայնքապետարանի պատասխանատուների, Միասնական սոցիալական ծառայության մասնագետների հետ այսօր հանդիպել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում ապաստան գտած հայրենակիցներին։
Հանդիպման եկածներին ողջունել և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի խոսքն է փոխանցել մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը․ «Հարգելի հայրենակիցներ, սիրով ողջունում եմ ձեզ և փոխանցում եմ Շիրակի մարզպետի ողջույնները, հարգելի պատճառով պարոն Մուրադյանն այսօր չի մասնակցում հանդիպմանը, սակայն վստահեցնում եմ, որ այսօր բարձրացված բոլոր հարցերը կներկայացվեն մարզպետին և մեր հնարավորությունների սահմաններում կաշխատենք դրանց լուծում գտնել»։
Մարզպետի տեղակալն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերին՝ նշելով, որ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով ԼՂՀ-ից ՀՀ տեղափոխված քաղաքացիներին կառավարության հինգ որոշումներով հատկացվել է 174.6 մլն դրամ, որն ուղղվել է հյուրանոցային ծառայություններին, սննդի ծախսերին և դրամական աջակցության տրամադրմանը։ Հատկացվել է հումանիտար օգնություն, որը տրամադրել են տարբեր երկրներ ու կազմակերպություններ։
Այնուհետև մարզպետի աշխատակազմի պատասխանատուները հանդես են եկել զեկույցներով, ներկայացվել են մարզում ապաստան գտած մեր հայրենակիցների գրանցման, թվաքանակի և համայնքներում բաշխվածությանն առնչվող հարցեր։ Շիրակի մարզում այս պահի դրությամբ բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 3950 անձ՝ 1082 ընտանիք, որից 2732-ը Գյումրիում։
Քննարկվել, ներկայացվել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերը, դրանցից օգտվելու կարգն ու պատկան կառույցներին դիմելու ընթացակարգը, առաջնային կարիքների դեպքում քայլերի հերթականությունը։ Անդրադարձ է կատարվել մարզի ուսումնական հաստատություններում սովորողներին, տեղեկացվել է, որ մարզի դպրոցներում այսօրվա դրությամբ ուսումը շարունակում է 716 աշակերտ, մարզպետի աշխատակազմի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի են անցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 մանկավարժներ:
ԼՂ-ից բռնի տեղահանված և հանրակրթությունից դուրս մնացած կամ հանրակրթությունից խուսափող երեխաներ ունեցող ընտանիքներ այցելություններ իրականացնելու, հանրակրթությունից դուրս մնալու պատճառները բացահայտելու, դրանք վերացնելու, երեխաներին հանրակրթություն վերադարձնելու նպատակով Շիրակի մարզպետի հանձարարականով մարզպետի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը եղել է առանձին բնակավայրերում, տնայցերի միջոցով քայլեր են ձեռնարկվել խնդիրների լուծման համար։
Շիրակի մարզի բժշկական հաստատություններում հաշվառվել, դեղորայք են ստացել, ստացիոնար բուժման և լաբորատոր - գործիքային հետազոտության է ուղեգրվել ԼՂՀ - ից բռնի տեղահանված 2888 անձ։
Պետական և հումանիտար աջակցության ծրագրերի հասցեականությունն ապահովելու համար տնայցերն ու հանդիպումները կրել են պարբերական բնույթ, 100-ից ավելի տնայցերի, բազմաթիվ հանդիպումների ժամանակ ներկայացվել են բոլոր ծրագրերը, իրականացվել է կարիքի գնահատում, Միասնական սոցիալական ծառայությունների հետ աշխատանքներ են տարվել կարիքների բավարարման ուղղությամբ։
Աշխատանք փնտրող անձանց տեղեկացվել է, որ հնարավորություն կունենան հաշվառվել առցանց եղանակով, ստեղծել ինքնակենսագրականներ՝ գործատուների կողմից ընդունելի ձևաչափով, առցանց եղանակով գտնել հարմար աշխատանք, ինչպես նաև` դիմել և ընդգրկվել զբաղվածության ծրագրերում, գործազուրկները հնարավորություն կունենան հարթակի միջոցով առցանց եղանակով հաշվառվելու Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում և ստանալու գործազուրկի կարգավիճակ։
Քննարկվել են նաև ՀՀ ՊՆ զորամասերում պայմանագրային զինծառայության անցնելու վերաբերյալ հարցեր։
Հանդիպումն անցել է անկաշկանդ հարցուպատասխանի, հաղորդակցության մթնոլորտում, պատասխանատուները լսել են բարձրացված բոլոր հարցերը, տրվել են պատասխաններ և պարզաբանումներ։
Ներկաները շնորհակալություն են հայտնել մարզպետի և համայնքապետարանների աշխատակազմերին՝ հոգատար, սրտացավ վերաբերմունքի համար։
«Ցանկացած խնդիր ու մարտահրավեր հաղթահարելի է, եթե կա միասնականություն, համագործակցված աշխատանք ու հոգատար մոտեցում, Շիրակի մարզպետի աշխատակազմը՝ մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ, պատրաստ է այսուհետ էլ շարունակել ձեզ հետ համատեղ քայլ առ քայլ առաջ գնալ հոգսերի ու խնդիրների թեթևացման ճանապարհով»,- հանդիպման ավարտին նշել է Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20