Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ուղեկցությամբ այցելել է Գյումրի

06.03.2024

 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի հետ այսօր այցելել է Գյումրի, հյուրընկալվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում։
Այնուհետև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Գյումրիում, այցելել «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան», ծանոթացել թանգարանի ստեղծման պատմությանը, ցուցանմուշներին, քաղաքի մասին՝ հետաքրքիր պատմություններ լսել։ Ձիթողցոնց թանգարանում ներկայացվում է 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընդգրկող ժամանակահատվածում Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, քաղաքում տարածված արհեստներն ու արվեստները, քաղաքային կենցաղն ու հոգևոր մշակույթը, հին Ալեքսանդրապոլի քարտեզն ու քաղաքի մանրակերտը։ Տուն-թանգարանի շենքը 1872 թվականի կառույց է, եղել է Ձիթողցյան եղբայրների առանձնատունը, 1984 թվականից գործում է որպես թանգարան։
Հյուրերն այնուհետև եղել են «Մհեր Մկրտչյան» թանգարանում, շրջել ու լսել մեծ դերասանի կյանքի ու գործունեության մասին։ Թանգարանը տեղակայված է 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում։
Թանգարանում գտնվող ցուցանմուշների հիմնական մասը լուսանկարներ են մեծ գյումրեցու, ուրախ ու տխուր մարդու խաղացած ֆիլմերից և ներկայացումներից: Թանգարանի մի հատվածում գտնվում է «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի կոմոդը, այստեղ պատկերվում է Մկրտչյանների կենցաղավարությունը, սրահի մյուս հատվածը նվիրված է նրա կինոյում ունեցած գործունեությանը, իսկ երրորդ հատվածը՝ թատերական գործունեությանը:
Հյուրերը «Սուրբ Յոթ Վերք» եկեղեցում մոմ են վառել այնուհետև, շրջել Գյումրու կենտրոնում, ծանոթացել քաղաքի յուրատիպ ճարտարապետությանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-15 10:31:07