Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

13.03.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանին և կոմիտեի պատասխանատուներին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզում քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող շինարարական ծրագրերին առնչվող հարցեր, որից հետո պատասխանատուները շրջել են մի շարք շինօբյեկտներում։
«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի 3 բնակավայրերում՝ Բերդաշենում, Արեգնադեմում և Կապսում կառուցվում են դպրոցների մոդուլային շենքեր։
Մուշեղ Մուրադյանն ու Դավիթ Գրիգորյանն աշխատակազմերի պատասխանատուների հետ սկզբում հետևել են Բերդաշենի դպրոցի շինաշխատանքներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 723 մլն 213 հազար դրամ է, 2024-ի համար նախատեսվել է 276 մլն 712 հազար դրամ։
Շիրակի մարզպետն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալը շրջայցի ընթացքում կարևորել են ժամկետների մեջ տեղավորվելն ու որակով շինաշխատանքների իրականացումը՝ դիտարկելով թերացումներն ու խախտումները։
Հաջորդ կանգառը Արեգնադեմ բնակավայրում է եղել, որտեղ ընթացքի մեջ են դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքները։ Դպրոցի կառուցման արժեքը 747 մլն 566 հազար դրամ է, 2024 թվականի համար հատկացվելու է 390 մլն 485 հազար դրամ։ Պատասխանատուները շրջել են շենքում, զրուցել շինարարի հետ, քննարկել խնդիրներն ու ընդգծել, որ սեղմ ժամկետներում բոլոր թերությունները պետք է վերացվեն։
Դիտարկվել են նաև Կապսի դպրոցի շինաշխատանքները, որոնք գտնվում են ավարտական փուլում, սակայն նախանշվել են թերություններ ու բացթողումներ։ Դպրոցի շինաշխատանքների որակից Շիրակի մարզպետը դժգոհություն հայտնել էր նաև ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Պատասխանատուները կառույցում շրջայցի ընթացքում առանձին-առանձին նշել են խնդիրները, շինարարության ընթացքում թույլ տված սխալները՝ հանձնարարելով շինարարին ողջամիտ ժամկետներում ուղղել դրանք և անել հնարավորը ժամկետների մեջ տեղավորվելու համար։
Նշենք, որ մոդուլային ուսումնական հաստատությունն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36