Նորություններ
Պատվոգրեր ու շնորհակալագրեր՝ Գյումրու ժող․գործիքների և Ձիթողցոնց թանգարանի աշխատակիցներին
29.03.2024
Մեզ համար հաճելի պարտականություն է աշխատանքով աչքի ընկած կառույցներին, արժանի մասնագետներին պարգևատրել, քանզի ցանկացած պարգև ու առանձնահատուկ վերաբերմունք կարող է ոգևորել և մոտիվացնել․ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պատվոգրերով ու շնորհակալագրերով է պարգևատրել «Գյումրու ժողովրդական գործիքներ պետական նվագախմբի» և «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի» մի շարք աշխատակիցների։
«Ասում են՝ երգի լեզուն ողջ աշխարհում նույնն է և հասկանալի բոլորին, իսկապես այդպես է, իսկ երբ երգն ու երաժշտությունը նաև հպարտության տեղ են տալիս՝ արդեն ոգևորիչ է, ես ուրախ եմ, որ «Գյումրու ժողովրդական գործիքներ պետական նվագախումբը» չնայած անցած դժվարություններին, կարողացել է իր տեղն ու դերն ունենալ ոչ միայն Շիրակի մարզի, այլ ողջ Հանրապետության մշակութային կյանքում։ Գնահատելի է ձեր աշխատանքը, վստահ եղեք, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը ձեր կողքին է լիազորությունների և հնարավորությունների սահմաններում»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետը։
Մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած ավանդի և նվիրված աշխատանքի համար Շիրակի մարզպետի պատվոգրերով են պարգևատրվել նվագախմբի մի շարք աշխատակիցներ։
Վերջիններս շնորհակալություն են հայտնել մարզպետին վերաբերմունքի և գնահատականի համար՝ նշելով, որ կարևորված ու հոգատար վերաբերմունքն առավել պարտավորեցնող է։
Ուշադրության, ջերմ վերաբերմունքի և գնահատականի համար՝ Շիրակի մարզպետին շնորհակալություն են հայտնել նաև «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի» աշխատակիցները, ովքեր պատվոգրերով են պարգևատրվել՝ գործի նվիրյալ լինելու, բարեխիղճ աշխատանքի, թանգարանի հարուստ մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման համար։
«Ամեն անգամ այցելելով թանգարան՝ տպավորված ենք հեռանում, քանզի հնարավորություն ենք ունենում քայլելու պատմության արահետներով, որտեղ ներկայացված են Գյումրու արհեստներն ու արվեստները, քաղաքային կենցաղն ու հոգևոր մշակույթը, իսկ այդ անգին նմուշներն արժևորվում են ձեր հոգատարության, պահպանության և հանրությանը ներկայացնելու շնորհիվ»,- ընդգծել է Մուշեղ Մուրադյանը։