Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

16.04.2024

 ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր անցկացվել է շտաբային ուսումնավարժություն` «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքի դեպքում» թեմայով, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի, Շիրակի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների ու մարզային մի շարք ծառայությունների ղեկավարներ և պատասխանատու աշխատակիցներ։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ուսումնավարժության մասնակիցներին ողջունել ու դրա կարևորության մասին է անդրադարձել ուսումնավարժության ղեկավար, մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը՝ հորդորելով վարժանքների պատասխանատուներին լինել առավել զգոն և ուշադրություն դարձնել պլանով նախատեսված յուրաքանչյուր գործողության։
Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետը, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանը զեկուցել է, որ ուսումնավարժանքի մտահղացման համաձայն ապրիլի 15-ից 16-ը մարզում տեղացած առատ ձյան և 16-ի առավոտից քամու կտրուկ ուժաղացման հետևանքով առաջացած ձնաբքի պատճառով դժվարանցանելի և անանցանելի են դարձել ավտոճանապարհները, նվազել է տեսանելիությունը, ինչպես նաև դիտվել է ձյան կուտակումներ ավտոճանապարհների տարբեր հատվածներում: Նախնական տվյալներով ձնաբքի պատճառով անանցանելի են դարձել Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի Թորոսգյուղ-Կարմրավան հատվածը, Աշոցք-Բավրա, Ամասիա-Բերդաշեն, Վարդաղբյուր-Ձորաշեն, Շաղիկ-Թավշուտ, Կապս-Արեգնադեմ ճանապարահատվածները, ինչպես նաև դժվարանցանելի են դարձել Գյումրի-Թորոսգյուղ ավտոճանապարհի Քեթի-Փոքրաշեն ճանապարահատվածը, կան ավտոմեքենաների կուտակումներ:
Ուսումնավարժության նպատակն է ստուգել և կատարելագործել մասնակիցների հմտություններն ու ունակությունները ձնաբքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման գործում, ստուգել ձնաբքի ժամանակ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բնակչության պաշտպանության պլան»-ի իրատեսությունը, ինչպես նաև կատարելագործել համագործակցությունը կառավարման մարմինների և ուժային կառույցների միջև:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32