Նորություններ
Տրվել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզային փուլի մրցումների մեկնարկը
17.04.2024
Այսօր տրվել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզային փուլի մրցումների մեկնարկը։ Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն ու աշխատակազմի պատասխանատուները։
Աննա Մարտիկյանը Շիրակի մարզպետի անունից ողջունել և հետագա հաջողություններ է մաղթել մասնակիցներին՝ կարևորելով առողջ ապրելակերպն ու սպորտի մասսայականացումը։
Մարզպետի տեղակալը համայնքային փուլում հաղթող և մրցանակակիր դարձած թիմերին հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված հավաստագրերը։
Մարզային փուլին մասնակցել են միջոցառման համայնքային փուլում հաղթող և մրցանակակիր ճանաչված Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներով համալրված թիմերը։ Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված է եղել 4 աշակերտ՝ 2 տղա և 2 աղջիկ։ Համայնքային փուլի մրցումներին՝ յուրաքանչյուր տարիքային խմբում մասնակցել են 53-ական թիմ-դպրոց՝ 428 աշակերտով։
Մրցումների արդյունքներով, ըստ տարիքային խմբերի, կորոշվեն հաղթող թիմերը, որոնք Շիրակի մարզը կներկայացնեն ապրիլի 27-28-ը Չարենցավանում կայանալիք հանրապետական եզրափակիչ մրցումներին։ Այստեղ հաղթող և մրցանակակիր ճանաչվող թիմերի համար նախատեսված են հետևյալ դրամական մրցանակները․
Դպրոցներ՝ 1-ին տեղ՝ 4 մլն դրամ, 2-րդ տեղ՝ 2,5 մլն, 3-րդ տեղ՝ 1,5 մլն դրամ:
Ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ 1-ին տեղ՝ 700 հազար դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար, 3-րդ տեղ՝ 300 հազար դրամ:
Թիմերի աշակերտներ՝ 1-ին տեղ՝ (4 մասնակից) 150 հազարական դրամ, 2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100 հազարական, 3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75 հազարական դրամ: