Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին

17.04.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին, քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանին և կոմիտեի պատասխանատուներին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզում քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող կապիտալ շինարարական ծրագրերի ընթացքին ու արձանագրված թերացումների վերացմանն առնչվող հարցեր։
«Մեզ համար կարևոր է, որ համագործակցված աշխատանքով կարողանանք հասնել իրականացվող պետական ծրագրերի թերացումների ու խախտումների վերացմանը, նոր իրականացվող աշխատանքներում թերացումները բացառվեն, շատ ուրախ եմ, որ Շիրակի մարզում եք և կկարողանանք նորից լինել շինօբյեկտներում ու խոսել, լսել շինարարներին, դիտարկել բոլոր աշխատանքները, անել հնարավորը խնդիրների լուծման համար»,- նշել է Շիրակի մարզպետը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ չեն խնայելու ջանք ու եռանդ, որպեսզի ամենասեղմ ժամկետներում խնդիրները լուծվեն, որակի ապահովման նկատմամբ կլինեն հետևողական՝ կոմիտեին վստահված ծրագրերը անհրաժեշտ ծավալով, նորմալ որակով ավարտին հասցնելու համար։
Քննարկումից հետո պատասխանատուները եղել են մի շարք շինօբյեկտներում։
Շիրակի մարզի 3 բնակավայրերում՝ Բերդաշենում, Արեգնադեմում և Կապսում՝ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում։
Շիրակի մարզպետն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահն աշխատակազմերի ներկայացուցիչների ուղեկցությամբ սկզբում եղել են Բերդաշենում, որտեղ ընթանում են դպրոցի կառուցման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 723 մլն 213 հազար դրամ է, 2024-ի համար նախատեսվել է 276 մլն 712 հազար դրամ։
Կոմիտեի նախագահն ու մարզպետը մասնագետների հետ շրջել են տարածքում, դիտարկվել են աշխատանքներում արձանագրված թերություններն ու խնդիրները, հանձնարարվել է շինարարին անել անհրաժեշտ բոլոր փոփոխություններն ու հնարավոր սեղմ ժամկետներում վերացնել թերացումները։
Պատասխանատուները եղել են նաև Արեգնադեմ բնակավայրում, որտեղ ընթացքի մեջ են դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքները։ Դպրոցի կառուցման արժեքը 747 մլն 566 հազար դրամ է, 2024 թվականի համար հատկացվելու է 389 մլն 461 հազար դրամ։
Շենքում շրջելուց, շինարարի հետ զրուցելուց հետո, քննարկվել են խնդիրները, ընդգծվել է, որ բոլոր թերությունները պետք է վերացվեն ժամանակին։
Դիտարկվել են նաև Կապսի դպրոցի շինաշխատանքները, որոնք գտնվում են ավարտական փուլում, սակայն նախանշվել են թերություններ ու բացթողումներ։ Նշենք, որ մոդուլային ուսումնական հաստատությունն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով:
Աշխատանքային այցի շրջանակներում, քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու Շիրակի մարզպետն այցելել են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց», հետևել նոր սպորտային համալիրի շինաշխատանքների ընթացքին։ 6 մլրդ 796 մլն դրամ ընդհանուր արժողությամբ համալիրի կառուցման համար 2024 թվականին նախատեսվել է 1 մլրդ 534 մլն դրամ։ Համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32