Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների հետ
22.04.2024
2024-ի սուբվենցիոն ծրագրեր, նախորդ տարիներից 2024 տեղափոխված ծրագրերի ընթացք ու խնդիրներ․ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների և աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ
«Սուբվենցիոն ծրագրերի նպատակային, անխոչընդոտ, առանց թերացումների և ժամկետների մեջ իրականացումը մեզ համար առաջնային նշանակություն ունի, քանզի պետություն-համայնքներ համագործակցության լավագույն միջոց հանդիսացող այս ծրագրերով համայնքները հնարավորություն են ստանում առավել քիչ միջոցներ ծախսելով լուրջ խնդիրներ լուծել, մնում է յուրաքանչյուր պատասխանատու կառույց, յուրաքանչյուրս մեր տեղը լինենք զգոն, հետևողական և հոգատար»,- նշել է Շիրակի մարզպետը։
Հանդիպման ժամանակ նախ քննարկվել են անցած երկու տարիներից 2024 տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի ընթացքն ու անդրադարձ կատարվել դրանց ձգձգման պատճառներին ու առաջացած խնդիրներին, յուրաքանչյուր ծրագիր առանձին դիտարկվել է, մարզպետին են ներկայացվել ձեռնարկված քայլերն ու առաջիկա անելիքները։
Ըստ այդմ, 2022-ից 10 ծրագիր է տեղափոխվել 2023, այնուհետև 2024 թվական, իսկ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերից 18-ը այս պահի դրությամբ ընթացքի մեջ է։
2024 թվականին ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմել է 11 մլրդ 49 մլն դրամ։ Նոր ներկայացված փաթեթներին անդրադառնալով՝ մարզպետը նշել է, որ ծրագրերը պետք է կոնկրետացվեն, քննարկվի դրանց նպատակայնությունը, բովանդակությունն ու կարևորությունը, որպեսզի պետության և համայնքի միջոցները ծախսվելուց հետո ակնկալվող արդյունքը ստացվի։
Մարզպետը նշել է, որ հաշվի առնելով ոռոգման և խմելու ջրերի համակարգերի անցկացման կարևորությունը՝ կառավարությունը 5-ական տոկոսով մեծացրել է տրամադրվող մասնաբաժինը՝ փորձելով խթանել այս ուղղությամբ ծրագրերը։