Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային այցով Արթիկ համայնքում է եղել

23.04.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ աշխատանքային այցով այսօր Արթիկ համայնքում է եղել։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի ուղեկցությամբ մարզպետն այցելել է «Վարդաքարի միջնակարգ դպրոց», շրջել և ծանոթացել պայմաններին, լսել նրանց մտահոգությունները։
Այժմ ընթացքի մեջ են դպրոցին հարակից հատվածի ճանապարհի կառուցման աշխատանքները՝ Տ-7-53, Հ-21/ (Նոր Կյանք) – Փանիկ - Արևշատ - /Հ-21/ (Մեծ Մանթաշ) ավտոճանապարհի կմ0+000 - կմ12+800 ծրագրով, 12.8 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհը միմյանց է կապում տարածաշրջանի 6 բնակավայրեր՝ Նոր Կյանք‚ Վարդաքար‚ Փանիկ‚ Գետափ‚ Արևշատ‚ Մեծ Մանթաշ։ Ներկա պահին կատարվում է գոյություն ունեցող ծածկի քանդման և հողային աշխատանքներ։
Արթիկ համայնք այցի շրջանակներում Շիրակի մարզպետն այցելել է «Արթիկի թիվ 8 հիմնական դպրոց», որտեղ օրերս տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով վնասվել է դպրոցի տանիքի շուրջ 50 քառակուսի մետր հատված։ Շիրակի մարզպետի և Արթիկ համայնքի ղեկավարի պայմանավորվածության համաձայն, համայնքապետարանը կաջակցի դպրոցին՝ տանիքի վնասված հատվածը շուտափույթ վերականգնելու հարցում։
Պատասխանատուներն այնուհետև եղել են «Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցում»։ Դպրոցի տնօրինության հետ զրույցում մարզպետը հետաքրքրվել է ինչպես կրթական հաստատության հիմնախնդիրներով, այնպես էլ դպրոցի հարակից տարածքում իրականացվող աշխատանքներով։
Արթիկի կենտրոնական հրապարակի և հարակից 6 փողոցների բարեկարգում՝ ասֆալտապատման միջոցով ծրագրով նախատեսված աշխատանքների մի մասն անցնում է դպրոցի բակային կից հատվածով։ Մարզպետին զեկուցվել է, որ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի հարակից տարածքում առկա են սեփականատերեր, հարկավոր է ճշտել համայնքային սեփականության և սեփականատերերին առնչվող խնդիրը, որից հետո միայն այդ հատվածում հնարավոր կլինի աշխատանքներ իրականացնել։
Մուշեղ Մուրադյանը պատասխանատուներին հանձնարարել է սեղմ ժամկետներում կարգավորել խնդիրը և առահասարակ ճշտել Արթիկի դպրոցների հարակից տարածքներում առկա սեփականատերերի հարցը՝ նման խնդիրներից խուսափելու նպատակով։
Շիրակի մարզպետը պատասխանատուների հետ եղել է նաև Փանիկ բնակավայրում, որտեղ ավարտին են մոտենում մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները։ Մարզպետը շրջել է մշակույթի տանը, ծանոթացել իրականացված աշխատանքներին՝ դիտարկելով թերացումներն ու բացթողումները։
«Ցանկացած թերացում պետք է ամենակարճ ժամկետում վերացվի, փաստաթղթային փաթեթի ամբողջականացման, որևէ ֆինանսավորման մասին խոսք լինել չի կարող քանի դեռ չեն վերացվել դիտարկումների արդյունքում վերհանված խնդիրները, պետական և համայնքային անգամ ամենափոքր միջոցները չպետք է անտեղի ծախսվեն, առավել ևս վատնվեն, հոգատար ու հետևողական պետք է լինեն բոլոր պատասխանատու կառույցները»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
«ՀՀ Շիրակի մարզի Փանիկ համայնքի մշակույթի տան հիմնանորոգում» ընդհանուր ծրագրի արժեքը կազմել է 165,6 մլն դրամ, աշխատանքներն իրականացվել են երկու փուլով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21