Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հյուրընկալել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին
26.04.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանին։
Նախարարության ու մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզի առողջապահական հաստատություններում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, պոլիկլինիկաների շենքային պայմանների բարելավմանը միտված ծրագրերին, իմունիզացիայի գործընթացին, էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանն առնչվող հարցերի։
«Մեզ համար անչափ կարևոր է, որ առողջապահության բնագավառի գործունեության արդյունավետության բարձրացումը ՀՀ կառավարության քաղաքականության առաջնային գերակայություններից մեկն է, ինչը բնակչությանը որակյալ բժշկական ծառայություններ մատուցելուն, դրանց հասանելիությունը բարձրացնելուն են միտված։ Ոլորտում բարեփոխումները միտված են նաև ապակենտրոնացմանը, որն ակնառու է հենց մեր մարզի պարագայում ևս, Շիրակի մարզում վերջին տարիներին լուրջ աշխատանքներ են տարվում բուժհաստատությունների կառուցման ու վերանորոգման ուղղությամբ, հավատացած եմ, որ առկա խնդիրներն էլ կկարողանանք համագործակցության ու կենտրոնական և մարզային մակարդակներում արդյունավետ կառավարման միջոցով լուծել»,- նշել է Շիրակի մարզպետը։
Այնուհետև պատասխանատուներն այցելել են «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան, որտեղ դիտարկվել է նոր ներդրվող կենտրոնացված ծառայության աշխատանքները, կարևորվել է շտապ օգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ և ռացիոնալ կազմակերպելը։
Շիրակի մարզպետն ու Առողջապահության նախարարը եղել են թիվ 2 պոլիկլինիկայի տարածքում, որից հետո այցելել են «Գյումրի բժշկական կենտրոն»։ Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում։
Արմեն Իսահակյանը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին այստեղ կբացվի նոր «Վերարտադրողական բաժանմունք», իսկ Ավստրիական մանկական հիվանդանոցի հետ վերամիավորումից հետո մարվել են բոլոր պարտքերը, հարկային պարտավորություններ և խնդիրներ չեն առաջացել։
Պատասխանատուներն այնուհետև շրջել են նոր վերանորոգված, առանձին մուտքով գործունեություն իրականացնող ինֆեկցիոն բաժանմունքում, որից հետո հետևել են բժշկական կենտրոնում իրականացվող ներքին և արտաքին հարդարման աշխատանքներին, այդ նպատակին պետությունը հատկացրել է 163 մլն դրամ։
Նախարարին և մարզպետին են ներկայացվել հիվանդանոցի հեռանկարային ծրագրերն ու առաջիկա անելիքները, քննարկվել են մտահոգող հարցերն ու դրանց լուծմանը միտված ձեռնարկները։