Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել անասնաբույժի միջազգային օրվան նվիրված մարզային ֆորում

26.04.2024

 Անասնաբույժի աշխատանքը մարդու առողջության երաշխիքն է»․ այսօր տեղի է ունեցել անասնաբույժի միջազգային օրվան նվիրված մարզային ֆորում։
Ֆորումի մասնակիցներին ողջունել և անասնաբույժի միջազգային օրվա առթիվ շնորհավորել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը․ «Շիրակի մարզպետի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ Անասնաբույժի միջազգային օրվա առթիվ։ Այն ևս մեկ առիթ է շեշտելու այս մասնագիտության կարևոր դերն ու նշանակությունը։ Պետք է փաստեմ, որ անասնաբուժությունն ամենակարևոր օղակներից մեկն է, կենդանու առողջ լինելը ուղիղ համամատական է մարդու առողջության հետ։ Անհերքելի է, որ Շիրակի մարզի համայնքների բնակիչների ապրուստի կարևոր միջոց շարունակում է մնալ անասնապահությունը։ Ուստի բանիմաց մասնագետի դերը, կենդանիներին բուժօգնություն ցուցաբերելու հարցում, անգնահատելի է։
Շատ կարևոր է անասնաբուժության մեջ կիրառել նորարար տեխնոլոգիաներ, ինչն էլ հնարավորություն կտա ունենալ ավելի ճշգրիտ ախտորոշումներ, ինֆեկցիոն հիվանդությունների հայտնաբերման հստակ մեթոդներ, որն ավելի վաղ փուլում կկանխարգելի կենդանիների հիվանդությունները և համաճարակային խնդիրներից խուսափելու հնարավորություն կտա։ Թե անասնաբուժության կայացման, թե սննդամթերքի անվտանգության ոլորտի կատարելագործմանն ուղղված միջոցառումներ են իրականացվում մեր երկրում, այստեղ բոլորս անելիքներ ունենք, առաջնայինն ու կարևորը բոլոր պատասխանատու կառույցների համագործակցությունն ու աշխատանքի նկատմամբ հոգացավ մոտեցումն է։
Իրավասությունների շրջանակում ես և Շիրակի մարզպետի աշխատակազմը հետայսու էլ կաջակցենք մարզում ոլորտի խնդիրների լուծմանն ու նոր նախաձեռնությունների իրականացմանը»։
 ՀՀ ՍԱՏՄ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով անցկացվող ֆորումի մասնակիցներին ողջունել և ոլորտին առնչվող հարցերի մասին են անդրադարձել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ, ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, ՀՀ ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանը։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պարտականությունները պատշաճ կատարելու, նվիրված և անբասիր աշխատանքի համար շնորհակալագրեր է հանձնել ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի Ժ/Պ Արտուշ Հովհաննիսյանին, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանին, մարզի մի շարք համաճարակաբանների և անասնաբույժերի։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20