Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային շրջայցով եղել է Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում

30.04.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային շրջայցով այսօր եղել է Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ դիտարկվել է մշակույթի տան վերանորոգման աշխատանքների ընթացքը։
«Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում» տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 79․4 մլն դրամ, որից կառավարության համամասնությունը 45 տոկոս է։
Աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի մարտին։
Մուշեղ Մուրադյանը շինարարի հետ զրույցում կարևորել է աշխատանքների որակով և ժամանակին իրականացումը՝ նշելով, որ պետական ու համայնքային միջոցները պետք է միայն նպատակային ծախսվեն։
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում այս ծրագրով վերանորոգվելու է մշակույթի տան դահլիճը, նախամուտքային հատվածում կառուցվելու է խոհանոցային սենյակ, սանհանգույցը, փոխվելու են դռները և պատուհանները, հատակը, կառուցվելու է թեքահարթակ։
Մարզպետը Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ հետևել է նաև «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով կառուցվող Կապսի դպրոցի շինաշխատանքների ընթացքին, ավարտական փուլում գտնվող աշխատանքներում նախանշված թերացումները շինարարը փորձում է վերացնել սեղմ ժամկետներում, ինչի մասին վստահեցրել է մարզպետի հետ զրույցի ժամանակ։
«Կառավարությունը 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրով անում է հնարավորը՝ կրթական պայմանների բարելավման, կրթության որակի բարձրացման նպատակով։ Մեծ միջոցներ են հատկացված, առանց թերացումների շինաշխատանքներ իրականացնելն առաջնային կարևորություն ունի, այնպես որ այս սկզբունքով պետք է շարժվի յուրաքանչյուր շինարար և մեզանից յուրաքանչյուրը պետք է իր լիազորությունների և իրավասությունների շրջանակում վերահսկողություն իրականացնի, որպեսզի բացառենք բոլոր խնդիրները»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։
Ուսումնական հաստատությունն ունենալու է փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով:
Մարզային իշխանությունները եղել են նաև Մարմաշենի վանական համալրիր տարածքում։ Վանական համալիր տանող 2.5 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի պատվիրատուն Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամն է եղել։
Մարզպետը շրջել է տարածքում, զրուցել շինարարի հետ, ով հավաստիացրել է, որ բարեկարգման աշխատանքները ևս լիարժեքորեն կավարտվեն առաջիկա օրերին։
Ծրագրով բարեկարգվել են Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհն ու հարակից տարածքը։ Ճանապարհը ջրահեռացման տարրերով է համալրվել, կառուցվել են լուսավորման ցանցը, ավտոկայանատեղի, վաճառահրապարակ, սանհանգույց, բարեկարգվել է աղբյուրի հարակից տարածքը, ձևավորվել հանգստի գոտին, ինչպես նաև բարեկարգվել են վանքից դեպի Ախուրյան գետ իջնող աստիճանները, կառուցվել է դիտահարթակ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41