Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է Աշոցքի նորակառույց պուրակ
20.05.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Աշոցքի նորակառույց պուրակ։ Այցի մեկնարկին մարզպետն ու համայնքի ղեկավարը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ։
Շրջայցի ժամանակ Աշոցք համայնքի ղեկավարը ներկայացրել է 2024 թվականի անելիքները և նշել, որ ընթացքի մեջ են պուրակի ոռոգման համակարգի կառուցման նախագծային աշխատանքները, շինարարական աշխատանքները կսկսվեն ամենասեղմ ժամկետներում, ոռոգման համակարգի կառուցումից հետո, համայնքը ձեռնամուխ կլինի պուրակի կանաչապատման գործին։
«Ուրախալին այն է, որ պետություն-համայնք համագործակցության արդյունքում Աշոցքում այսպիսի հրաշալի պուրակ է կառուցվել, վստահ եմ՝ պուրակի կանաչապատման և վերջնական բարեկարգման արդյունքում այն համայնքի բնակիչների համար կլինի առավել կենսունակ ժամանցի վայր»,-նշել է Մուշեղ Մուրադյանը։
Աշոցք խոշորացված համայնքի շուրջ 10600 շահառուի համար կառուցված 3730 քմ ընդհանուր մակերեսով պուրակի ծրագրի արժեքը երկու փուլերի համար կազմել է 121 մլն դրամ։ Կառավարության համամասնությունը 45 տոկոս է եղել։
Շիրակի մարզպետը պատասխանատուների հետ հետևել է նաև Մ-1, Երևան - Գյումրի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշոցքից մինչև Բավրա ընկած 11.5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որի համար պետական բյուջեից նախատեսվել է 2 մլրդ 325 մլն դրամ։
Մարզպետը շինարարի հետ զրույցում կարևորել է աշխատանքների որակով և ժամանակին իրականացումը, հավելել, որ պետությունից տրամադրվող յուրաքանչյուր լումա պետք է նպատակային օգտագործել։