Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցում ներկա է գտնվել «Ես կվերադառնամ» խորագիրը կրող միջոցառմանը
22.05.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցում այսօր ներկա է գտնվել «Ես կվերադառնամ» խորագիրը կրող միջոցառմանը, որը նվիրված է եղել Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին:
Անցած ճանապարհ, դժվարություններ ու ձեռքբերումներ, բեմական ու անձնական կյանք, կինոգործունեություն ու հայրենասիրություն՝ «Ես կվերադառնամ» միջոցառումը մեծ հայի կյանքի ուղու, հաջողությունների ու կորուստների մասին է եղել։
«Անչափ ոգևորիչ է ներկա գտնվել մի միջոցառման, որտեղ խոսվում է հայ գենի անհաղթելի լինելու, հայ ոգու անկոտրումության, մեր պայքարի և միասնականության մասին։ Մեր դպրոցականները կարողացան այնքան ջերմություն ու անմիջականություն հաղորդել միջոցառմանը՝ խոսելով մեծ հայի անցած ճանապարհի մասին, իսկ մեծանուն մարդիկ, մեր հերոսները անմահ են, քանի դեռ մենք բոլորս նրանց հիշում ենք։ Շնորհակալություն բոլորիդ այսպիսի ջերմ մթնոլորտ ստեղծելու համար»,- միջոցառման մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Մուշեղ Մուրադյանը բարձր է գնահատել տնօրեն Իրինա Բաղդասարյանի նախաձեռնությունը՝ աշխարհահռչակ երգչի հոբելյանին նվիրված միջոցառում կազմակերպելու առումով։
Նշենք, որ , Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի անդամ է, հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ աշխարհի տարբեր երկրներում կայանալու են բազմաթիվ միջոցառումներ՝ համերգներ, կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ, որոնք աշխարհին կրկին ներկայացնելու են Շառլ Ազնավուրին։ Այդ միջոցառումները շարունակվելու են մինչև 2025 թվականը։