Նորություններ
Շիրակի մարզպետը ներկա է գտնվել «Սառնաղբյուրի հերոսամարտ 106» խորագիրը կրող միջոցառմանը
26.05.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, աշխատակազմի պատասխանատուների, հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Սառնաղբյուրի հերոսամարտին նվիրված «Սառնաղբյուրի հերոսամարտ 106» խորագիրը կրող միջոցառմանը։
Գյուղի 12-րդ դարի եկեղեցու՝ Հոգեվանքին հարակից հուշակոթողին մարզպետն ու համայնքի ղեկավարը ծաղիկներ են խոնարհել, որից հետո մասնակցել են Մարալիկի մշակույթի տանը կայացած միջոցառմանը։
Մարզպետը ողջունել է միջոցառման մասնակիցներին և նշել, որ այսօրինակ միջոցառումները խոսում են ոչ միայն հայրենասիրության, այլ նաև նոր սերունդներին երկրի նկատմամբ սիրով դաստիարակելու մասին.
«Ողջունում եմ բոլորիդ Սառնաղբյուրի հերոսամարտին նվիրված «Սառնաղբյուրի հերոսամարտ 106» խորագիրը կրող այս միջոցառմանը։
Այնքան ոգևորիչ ու միևնույն ժամանակ ուրախալի է մասնակցել մի միջոցառման, որը հայ ժողովրդի աննկուն կամքի, պայքարի, հայի չկոտրվող ոգու ու հայրենիքի պաշտպանության մասին է խոսում։
Հին է մեր հայրենիքը, նրա լեռներն ու ժայռերն են մեզ տվել իրենց կարծրությունը, աննկունությունը, որոնք մեր հոգում, մեր սրտում համբերություն ու համառություն, ուժ ու կորով են դարձել։
Այստեղ է, որ լսում ենք մեր սրտի հավերժության երգը և գիտակցում, որ հայ ազգի սուրբ բազկի ուժն ու զորությունն անսահման են։
Այսօրինակ միջոցառումները խոսում են ոչ միայն հայրենասիրության, հայրենիքի հանդեպ անսահման նվիրվածության մասին, այլ նաև անցյալը չմոռանալու և նոր սերունդներին երկրի նկատմամբ սիրով, մեր պապերի, մեր հայրերի ու եղբայրների, մեր որդիների արյան ու կյանքի գնով պաշտպանած հայրենիքն ու հողը պաշտելու ու անկոտրում կամքով դաստիարակելու մասին։
Հայաստանը մի երկիր է, որ չափերով փոքր է, բայց ոգով` ամուր, մեր սրտերում պահելու համար է և, ուրեմն, մեր աշխատանքն ու ջանքերը պետք է ուղղենք մեր հայրենիքը զորեղացնելուն, ավելի լավը դարձնելուն»։