Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ընդունել է մարզում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներին
29.05.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է մարզում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներին։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է ձկնորսներին, լսել նրանց մտահոգությունները, բարձրացրած հարցերն ու անդրադարձել ձկնորսության՝ օրենքով սահմանված ընթացակարգերին։
«Սիրողական ձկնորսությունն ինչքան էլ ցանկալի ու հիանալի զբաղմունքներից է, սակայն ցանկացած քայլ պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով, քանզի կենսապաշարի կայուն օգտագործումն ու վերականգնումը ևս անչափ կարևոր է։ Գործնական և իրավական հարթություններում բարեխիղճ ձկնորսների համար պետք է լինեն այնպիսի պայմաններ, որ առանց օրինազանցության կարողանան զբաղվել սիրած գործով»,- նշել է մարզպետը։
Ձկնորսները դժգոհել են որսագողերի պահվածքից՝ նշելով, որ նրանց անօրեն գործունեությունը խնդիրներ է առաջացնում, քննարկվել են խնդրի՝ օրենքով սահմանված լուծման տարբերակներ։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև մարզի ջրամբարների տարածքները մաքուր պահելուն, մասնավորապես, Կառնուտի և Ազատանի ջրամբարների տարածքներում աղբամանների տեղադրմանն ու շաբաթօրյակների կազմակերմանն առնչվող հարցերի։
«Երկիրը սիրել նշանակում է նաև հոգ տանել այդ երկրի մասին, պահպանել ու մաքուր պահել այն, հոգատար վերաբերմունքն ու շրջակա միջավայրը պահպանելը բոլորիս պարտքն ու պարտականությունն է, մարզպետի աշխատակազմը, հնարավորությունների և լիազորությունների շրջանակում ձեզ կաջակցի մաքրության պահմպանման ու շաբաթօրյակների անցկացման հարցերում»,- ընդգծել է Մուշեղ Մուրադյանը։
Մարզպետը հորդորել է ձկնորսներին բնության նկատմամբ լինել հոգատար, մաքուր պահել տարածքները։