Նորություններ
Մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը շարունակում է մնալ Շիրակի մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում
30.05.2024
Շիրակի մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը շարունակում է մնալ Շիրակի մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը շինաշխատանքների վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խմբի հետ եղել է Արթիկ համայնքում, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուներն այցի սկզբում դիտարկել են Հոռոմ համայնքում կառուցվող մանկապարտեզի շինարարությունը։ Մանկապարտեզը կառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, նախատեսված է 75 սանի համար և ունենալու է 3 խումբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 186 միլիոն 533 հազար դրամ է։ 2023 թվականին իրականացվել են 64 միլիոն 693 հազար դրամի աշխատանքներ: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականին: 2024 թվականի ՀՀ պետական բյուջեով հատկացվել է 55 միլիոն 27 հազար դրամ գումար:
Պատասխանատուներն այնուհետ եղել են Նոր Կյանք բնակավայրում, որտեղ տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով կառուցվում է մանկապարտեզի շենքը, ծրագրի արժեքը 459 միլիոն 357 հազար դրամ է: Կառուցման աշխատանքները մեկնարկել են նախորդ տարի: 2023-ին իրականացվել է 78 միլիոն 550 հազար դրամի աշխատանք: 2024 թվականի ՀՀ պետական բյուջեով աշխատանքների իրականացման նպատակին նախատեսվել է 250 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները կավարտվեն 2025 թվականին:
Մարզպետի տեղակալը ոլորտային պատասխանատուների հետ եղել է «Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց»-ի շինհրապարակում։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և «Արհովշին» ընկերության կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1 միլիարդ 521 միլիոն 500 հազար դրամ է: 2023 թվականին իրականացվել է 248 միլիոն 462 հազար դրամի աշխատանք: ՀՀ պետական բյուջեով 2024 թվականին նախատեսվել է 458 միլիոն 831 հազար դրամ: Մարզպետի տեղակալը շրջել է շինհրապարակում, ծանոթացել արված աշխատանքներին։
Բոլոր շինարարների հետ զրույցում Աննա Մարտիկյանն անդրադարձել է շինարարության որակով իրականացմանը՝ փոխանցելով մարզպետի հանձնարարականը՝ պետական միջոցներն օգտագործել նպատակային, յուրաքանչյուր գործ անել որակով և ժամկետներում։