Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն հյուրընկալել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին
31.05.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին, Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանին, դեսպանության պատասխանատուներին:
Ողջունելով դեսպանին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ուրախ է ընդունելու ճանաչողական այցով Շիրակում գտնվող տիկին Մեդնեին․ «Ձերդ գերազանցություն, մեծարգո տիկին դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ։ Պաշտոնապես առաջին անգամ ենք հանդիպում և կուզենամ սիրով խոսել Շիրակի մարզի մասին, վստահ եմ՝ մեր մարզն ու Գյումրին կհավանեք։ Դուք Հայաստանի հյուսիսում եք, Շիրակի մարզն աչքի է ընկնում իր յուրահատուկ հումորով, հյուրասիրությամբ, մշակույթի, արհեստի ու արվեստի նկատմամբ սիրով։ Մենք պատրաստ ենք համագործակցության, Շիրակի մարզպետի աշխատակազմի դռները բաց են ձեր առջև։ Ապակենտրոնացված գործընկերությունն ու մարզի զարգացմանը միտված նախաձեռնությունների իրականացումը մեր աշխատանքային կարևոր ուղղություններից են, ուրախ կլինենք շահագրգիռ երկխոսության մեկնարկի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման ու գործնական ծրագրերի իրականացման համար»։
Դեսպան Մեդնեն շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ, անմիջական ընդունելության համար և նշել, որ տպավորված է թե Շիրակով, թե շիրակցիների հյուրընկալությամբ․ «Պարոն մարզպետ, իսկապես ձեր խոսքերի հետ համաձայն եմ՝ Շիրակը հյուրընկալ մարզ է, անչափ տպավորված եմ Գյումրիով և նրա գեղեցկությամբ, ձեր ջերմ ընդունելությունով, իսկ երբ տեսնում եմ նաև, որպես պաշտոնյա, համագործակցության ձեր պատրաստակամությունը ՝ հավաստիանում եմ, որ մեր ճանաչողական հանդիպումը վերջինը չի լինի և կկարողանանք համատեղ ջանքերով գործընկերության ոլորտներ նախանշել»։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ապակենտրոնացված համագործակցությանը, մասնավորապես Շիրակի մարզը Լատվիայի շրջաններից մեկի հետ բարեկամանալուն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել առողջապահության, կրթության և զբոսաշրջության ոլորտներում գործակցությանն ու փորձի փոխանակմանը։
Մարզպետի դիտարկմամբ, այսօրինակ հանդիպումներով ու քննարկումներով, որոշակի ծրագրերի իրականացմամբ հնարավոր կլինի նպաստել Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների ու գործընկերության սերտացմանը, ինչի հետ համաձայնել է նաև Էդիտե Մեդնեն՝ ընդգծելով, որ վերջին տարիներին երկու երկրների փոխգործակցությունն առավել խորացել է և կան նախադրյալներ առավել ամրապնդվելու առումով։
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով։