Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ախուրյանում տեղի է ունեցել հանդիպում ԼՂ-ից բռնի տեղահանված և Ախուրյանում բնակություն հաստատած ընտանիքների հետ

31.05.2024

 Աշխատանքային ուրբաթ օրվա ավարտին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի, Ալբերտ Այվազյանի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, մարզպետի աշխատակազմի, Ախուրյանի բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքապետարանի աշխատակիցների, Միասնական սոցիալական ծառայության պատասխանատուների հետ այսօր հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված և Ախուրյանում բնակություն հաստատած ընտանիքներին։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ներկաներին ողջունել է և նշել, որ կարևորում է այսօրինակ հանդիպումներն ու քննարկումները․
«Ուրախ եմ ձեզ կրկին տեսնելու համար, շատերիդ հետ արդեն բազմիցս շփվել ենք, իսկ կրկին հանդիպելու պատճառը ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի մասին ձեզ նորից տեղեկացնելու, ինֆորմացիոն բացը լրացնելու համար է, հատկապես կարևորում եմ «ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710 - լ որոշման»՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին հանգամանորեն տեղեկացնելը, ուզում եմ, որ օր առաջ իմանաք ձեր իրավունքների, պետության կողմից ընձեռված հնարավորությունների մասին։ Մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուները, ես ու համայնքի ղեկավարը պատրաստ ենք անհատապես պատասխանել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին, կուզենամ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում անցնի մեր հանդիպումը, որը հնարավորություն կտա ձեզ առավել շատ տեղեկացված լինել և օգտվել պետական աջակցությունից»։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Ախուրյանի ղեկավար Զավեն Մանուկյանը և նշել, որ համայնքը պատրաստ է հնարավորությունների սահմաններում աջակցել բռնի տեղահանված հայրենակիցներին, մասնավորապես, ընտանիքներին անհրաժեշտության և ցանկության դեպքում կտրամադրվի հող՝ բնակարան կառուցելու համար, համայնքապատկան կիսակառույցների մասով ևս համայնքապետարանը կարող է ընդառաջ գնալ ընտանիքներին։
Ծավալվել է կառուցողական քննարկում, պատասխանատուներն անդրադարձել են բնակարանային ապահովման ծրագրով նախատեսված առանձին դրույթներին, ծրագրի իրականացման փուլերին։ Ըստ այդմ,1-ին փուլում կընդգրկվեն՝ 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահասով ընտանիքները և զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքները, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ և աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։ 2-րդ փուլում կընդգրկվեն՝ 2 անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը կլինի ոչ ուշ, քան 01.01.2026թ.։
3-րդ փուլում կընդգրկվեն՝ ցանկացած կազմով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը կլինի ոչ ուշ, քան 01.01.2027թ.:
Հանդիպման ավարտին ծավալվել է հարցուպատասխան, պատասխանատուները լսել են բոլորին, պատասխանել հետաքրքրող մասնավոր հարցերին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20