Նորություններ
«Գյումրու միջազգային թատերական փառատոնի» շրջանակներում Գյումրիում էր Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի ղեկավարը
31.05.2024
Շիրակի մարզպետ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ ընդունել է «Գյումրու միջազգային թատերական փառատոնի» շրջանակներում Գյումրիում գտնվող Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի ղեկավար Ավթանդիլ Վարսիմաշվիլիին, Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Կարապետյանին և «Գյումրու միջազգային թատերական փառատոնի» ղեկավար Տիգրան Բարսեղյանին։
Մարզպետը ողջունել է հյուրերին, խոսել հայ-վրացական դարավոր բարեկամության, փառատոնի կարևորության և մշակութային համագործակցության մասին․ «Երկու ժողովուրդների հարաբերությունները որքան էլ կայանում են դիվանագիտական կապերով, միևնույնն է` դրանք ամրապնդվում եմ անմիջական շփումներով, մշակութային հարաբերություններով, ուրախ եմ, որ հայ-վրացական հարաբերություններն ունեն դարերով քննություն բռնած ամրություն և դրանք ամրապնդելու քայլեր է ձեռնարկվում նաև մշակույթով։ Մշակույթով շնչող Գյումրու համար «Գյումրու միջազգային թատերական փառատոնը» իրական տոն է, արվեստով ապրող շիրակցիներին հաղորդակից է դարձնում նոր ներկայացումների, որտեղ մեկտեղված են ստեղծագործական նոր գաղափարներ ու մոտեցումներ»։
Ավթանդիլ Վարսիմաշվիլին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ հանդիպման համար` նշելով, որ անչափ գնահատելի է, երբ պետական պաշտոնյան կարևորում է մշակութային կյանքի ակտիվությունն ու աջակցում մշակութային նախաձեռնություններին։
«Գյումրու միջազգային թատերական փառատոնի» ղեկավար Տիգրան Բարսեղյանն էլ` անդրադառնալով փառատոնին նշել է, որ արդեն երկրորդ տարին անցկացվող միջոցառումն ընդլայնել է աշխարհագրությունը։ Գյումրու դրամատիկական թատրոնն Հայաստանի 5 քաղաքի ու Երևանի թատրոններից բացի, հյուրընկալել է Բելգիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Վրաստանի հայտնի թատրոնների:
Այսօր փառատոնի վերջին օրն է, կբեմականացվի Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան դրամատիկական թատրոնի «Շինել» ներկայացումը։