Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ շարունակում են հանդիպումները ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ

04.06.2024

 ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ շարունակում են հանդիպումները ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի», ինչպես նաև պետական աջակցության մյուս ծրագրերի մասին իրազեկելու նպատակով։
Հերթական հանդիպումը տեղի է ունեցել Անի համայնքում, որին ներկա են գտնվել Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, բնակավայրերի վարչական ղեկավարներները, համայնքապետարանի աշխատակիցները, Միասնական սոցիալական ծառայության պատասխանատուները։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ողջունել է ներկաներին և նշել, որ կարևորում է այսօրինակ հանդիպումներն ու քննարկումները․ «Հարգելիներս, թե ես, թե մեր աշխատակազմի պատասխանատուները հանդիպումներ բազմիցս շատերիդ հետ ունեցել ենք՝ նպատակ ունենալով լսել ձեր մտահոգություններն ու անհանգստացնող հարցերը, փորձել տալ սպառիչ պատասխաններ։ Մեր Կառավարությունը մշակել և իրականացնում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որոնք միտված են ձեր սոցիալական, առողջապահական, կրթական ու բնակարանային խնդիրների լուծմանը։ «ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710 - լ որոշման»՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին կուզենամ այսօր առավել մանրամասն խոսենք, որպեսզի հստակ պատկերացում ունենաք պետության կողմից մշակված այս ծրագրից»։
ԼՂ-ից տեղահանվածներին ողջունել է նաև Անի համայնքի ղեկավարը՝ նշելով, որ համայնքապետարանը, իրավասությունների շրջանակներում, պատրաստ է աջակցելու համայնքի բնակավայրերում հաստատված ընտանիքներին և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում ցանկացող ընտանիքներին բնակարան կառուցելու համար հող հատկացնել։
Հանդիպման ընթացքում աշխատակազմի պատասխանատուները մանրամասն խոսել են ծրագրի դրույթների մասին, պատասխանել քաղաքացիների հարցերին, տվել պարզաբանումներ, նաև պատրաստակամություն հայտնել հետագայում կապ պահպանել և աջակցել նրանց։
Նշենք, որ տրամադրվող հավաստագրերն ունեն տարբեր արժեքներ՝ ընտանիքի մեկ անդամի հաշվով և տարբեր բնակավայրերում: Առաջինը՝ 5 մլն դրամ 242 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում է տրամադրվելու: Երկրորդը՝ 4 մլն դրամ, 148 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում: 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտիներից, և 2 մլն դրամ, եթե արդեն քաղաքացին ունի հիփոթեք, կրկին՝ բացառությամբ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքից:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52