Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը եղել է Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում
05.06.2024
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ այսօր եղել է Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ դիտարկվել է մշակույթի տան վերանորոգման աշխատանքների ընթացքը։ Կատարվել են աշխատանքների շուրջ 70 տոկոսը։
«Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրի մշակույթի տան վերանորոգում» տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 79․4 մլն դրամ, որից կառավարության համամասնությունը 45 տոկոս է։
Աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի մարտին։
Աննա Մարտիկյանը շինարարի հետ զրույցում վերահաստատել է Շիրակի մարզպետի վերջին այցի հանձնարարականը՝ աշխատանքները կատարել որակով և ժամանակին, պետական և համայնքային միջոցները ծախսել նպատակային։
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում այս ծրագրով վերանորոգվելու է մշակույթի տան դահլիճը, նախամուտքային հատվածում կառուցվելու է խոհանոցային սենյակ, սանհանգույցը, փոխվելու են դռները և պատուհանները, հատակը, կառուցվելու է թեքահարթակ։
Մշտադիտարկման աշխատանքային խումբն այնուհետ այցելել է նաև «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց», որի շենքը մասնակի վերանորոգվել և ջեռուցման համակարգը վերակառուցվել է անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ։ Ծրագրի արժեքը կազմել է 33 մլն 296 հազար դրամ: