Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը եղել է Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրում
11.06.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ այսօր եղել է Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրում, դիտարկել բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների ընթացքը։
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի նախկին դպրոցի շենքը վերակառուցվել է որպես մանկապարտեզ։
Աննա Մարտիկյանը շինարարի հետ զրույցում վերահաստատել է Շիրակի մարզպետի վերջին այցի հանձնարարականը՝ աշխատանքները կատարել որակով և ժամանակին, աշխատանքներին մոտենալ որպես իրենց տանն արված գործի, պետական և համայնքային միջոցները ծախսել նպատակային։
2022 թվականին մեկնարկած այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 102 մլն 118 հազար դրամ, որից պետության համամասնությունը 70 տոկոս է։
Երկհարկանի շենքի առաջին հարկում գործելու է մանկապարտեզը՝ երկու խմբի համար, կից կառույցում ունենալու է տեխնիկական մաս և մարզադահլիճ, բույժքույրի սենյակ։ Երկրորդ հարկում լինելու է վարչական մաս, փոստ, խմբասենյակ, բուժկետ:
Պատասխանատուների հաջորդ կանգառը Բայանդուրում է եղել, որտեղ պետություն-համայնք համագործակցությամբ՝ 80 տոկոս ՀՀ կառավարության ներդրմամբ և համայնքի 20 տոկոս մասնակցությամբ, ավարտին են մոտենում մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները։
Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար և ունենալու է երկու խումբ՝ բոլոր հարմարություններով, ապաստարանով։ 2 փուլով իրականացվող այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 273 մլն 801 հազար դրամ, որից երկրորդ փուլի աշխատանքների պայմանագրային արժեքը 116 մլն 660 հազար դրամ է։
Նշենք, որ աշխատանքային խմբի կողմից արձանագրված թերացումները հնարավորինս շուտ վերացնելու հանձնարարական է տրվել շինարարին։