Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է Վիճակագրական կոմիտեի Շիրակի մարզային վարչություն
12.06.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է Վիճակագրական կոմիտեի Շիրակի մարզային վարչություն։
Վարչության պետ Անահիտ Մարգարյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կառույցում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, լսել աշխատակիցներին, այնուհետև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել վիճակագրական վարչության վարչական շենքի պայմաններին և նոր շենք տեղափոխվելու հնարավոր տարբերակներին առնչվող հարցերի։
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև հոկտեմբերի 11-31-ը ՀՀ-ում անցկացվելիք գյուղատնտեսական հերթական համատարած հաշվառմանն առնչվող հարցերի։
Հաշվառման կազմակերպչական աշխատանքները Շիրակի մարզում համակարգելու է «ՀՀ-ում 2024-ի հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովը», որի նախագահը Շիրակի մարզպետն է լինելու։
Հաշվառումն իրականանցնելու են հաշվարարները, գործընթացում Շիրակի մարզում կներառվեն շուրջ 400 հաշվարարներ։
Վերջիններս տեղեկատվություն տրամադրողներից՝ գյուղաբնակ անհատական տնային տնտեսություններից, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքաբնակ անհատական տնային տնտեսություններից, գյուղատնտեսությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից հավաքագրում են համընդգրկուն տվյալներ գյուղատնտեսության կառուցվածքի վերաբերյալ։
Գյուղատնտեսության կառուցվածքին են վերագրվում գյուղատնտեսական նշանակության հողերը, մշակաբույսերի ցանքատարածությունները և բազմամյա տնկարկների տարածությունները, հողերի ոռոգման աղբյուրները, գյուղատնտեսական կենդանիները, տեխնիկան, շինությունները, մարդկային և նյութական առկա ռեսուրսները։